կարևոր
666 դիտում, 7 ամիս առաջ - 2020-10-12 01:45

Եվրոպական Խորհրդի նախագահը կոչ է արել պահպանել կրակի դադարեցման պայմանավորվածությունը

Եվրոպական Խորհրդի նախագահը կոչ է արել պահպանել կրակի դադարեցման պայմանավորվածությունը

Եվրոպական Խորհրդի նախագահ Շառլ Միշելը կոչ է արել պահպանել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում կրակի դադարեցման պայմանավորվածությունը: Այս մասին ԵԽ նախագահը գրել է «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում:

«Հայաստանի և Ադրբեջանի միջև հումանիտար նպատակներով կրակի դադարեցումը կարևոր քայլ է ապաէսկալացման ճանապարհին: Ես կողմերին կոչ եմ անում պահպանել կրակի դադարեցման ռեժիմը և խուսափել հետագա բռնությունից ու խաղաղ բնակչության համար ռիսկերի ստեղծումից: Առանց նախապայմանների բանակցությունները պետք է վերսկսվեն անհապաղ»,- գրել է Միշելը:

Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները հայտարարել են, որ հոկտեմբերի 10-ի ժամը 12:00-ից սկսած հաստատվում է մարդասիրական նպատակով կրակի դադարեցման մասին՝ ռազմագերիների և այլ պահպանման տակ գտնվող անձանց ու զոհվածների մարմինների փոխանակման նպատակով՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) միջնորդությամբ և չափորոշիչներին համապատասխան: «Հրադադարի ռեժիմի կոնկրետ պարամետրերը կհամաձայնեցվեն լրացուցիչ։ Ադրբեջանի Հանրապետությունը և Հայաստանի Հանրապետությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ կարգավորման հիմնարար սկզբունքների հիման վրա ձեռնամուխ են լինում բովանդակային բանակցությունների՝ խաղաղ կարգավորմանը շուտափույթ հասնելու նպատակով: Կողմերը հաստատում են բանակցային գործընթացի ձևաչափի անփոփոխելիությունը»,-նշվել է հայտարարության մեջ։

Ադրբեջանը հոկտեմբերի 10-ին մի քանի անգամ խախտել է կրակի դադարեցման պայմանավորվածությունը` հարվածներ հասցնելով Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտին, Շուշի և Մարտունի քաղաքներին: Հոկտեմբերի 11-ի առավոտյան Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հայտարարեց, որ առաջնագծում որոշ տեղերում միջդիրքային փոքր մարտեր են ընթանում, փոքր հրաձգություններ կան, օգտագործվում է նաև փոքր հրետանի: