կարևոր
2544 դիտում, 3 տարի առաջ - 2020-10-12 01:12

Քաղաքագետն Արցախի նախագահի՝ հակաահաբեկչական կոալիցիա ստեղծելու գաղափարն արդիական է համարում

Քաղաքագետն Արցախի նախագահի՝ հակաահաբեկչական կոալիցիա ստեղծելու գաղափարն արդիական է համարում

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հակաահաբեկչական կոալիցիա ստեղծելու մասին գաղափարը ավելի արդիական է դառնում՝ հաշվի առնելով  Արցախի դեմ Թուրքիայի և Ադրբեջանի կողմից միջազգայնորեն ճանաչված ահաբեկիչների օգտագործումը և դրանց ներթափանցումը տարածաշրջան: Այս մասին ասել է քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովը:

Քաղաքագետի կարծիքով` ահաբեկիչների ներթափանցումը տարածաշրջան ոչ միայն փոխում է ԼՂ հակամարտության բովանադակությունը, այլ նաև տարածաշրջանում ընդհանուր իրավիճակը անվտանգության առումով:

«Ահակաբեկիչները  ոչ միայն խնդիր են ներկայացնում արցախա-ադրբեջանական ճակատում, այլ նաև պոտենցիալ վտանգ են ներկայացնում տարածաշրջանում: Վտանգ է  Ռուսաստանի համար, որտեղ, ըստ էության, կան անձինք, ում հետ նրանք կարող են գտնել ընդհանուր լեզու և իրականացնել համապատասխան գործողություններ՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ռուսաստանը բավականին երկար պայքարում է ահաբեկիչների դեմ Հյուսիսային Կովկասում:  Դա վտանգ է նաև Իրանի համար, որը բացարձակապես չի ցանկանում տեսնել հյուսիսային սահմանների մոտ ևս մեկ լարվածության օջախ»,- ասել է Մարկարովը:

Ըստ քաղաքագետի` դա նաև կհարվածի Ադրբեջանի ներքին կայունությանը, որովհետև ֆունդամենտալիստներին, բնականաբար, չի կարող դուր գալ աշխարհիկ ալիևյան վարչակարգը:

«Տեսականորեն Ռուսաստանը և Իրանը համագործակցում էին հակաահաբեկչական շրջանակներում, երբ իրենք ստեղծել էին համատեղ կառույց, որի նպատակն է եղել հակազդել գոյություն ունեցող հակաահաբեկչական վտանգին մեր տարածաշրջանում, բայց այսօր ավելի արդիական է հնչում այս տեսանկյունից Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի կոչը ստեղծել մեկ միասնական մարմին, որը ներկայացված է լինելու Մոսկվա-Երևան-Ստեփանակերտ-Թեհրան ձևաչափով: Մոսկվայում ինչպես գիտեք առկա է «Անտիտեռոր» կենտրոնը, այդ թվում նաև ՀԱՊԿ-ի շրջանակներում: Ըստ էության, կարող է հանդես գալ ևս մեկ գործիք, որը պայքարելու է ահաբեկչության տարածման դեմ և տարածաշրջանի անվտանգության համար»,- եզրափակել է Մարկարովը:

Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները հայտարարել են, որ հոկտեմբերի 10-ի ժամը 12:00-ից սկսած հաստատվում է մարդասիրական նպատակով կրակի դադարեցման մասին՝ ռազմագերիների և այլ պահպանման տակ գտնվող անձանց ու զոհվածների մարմինների փոխանակման նպատակով՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) միջնորդությամբ և չափորոշիչներին համապատասխան: «Հրադադարի ռեժիմի կոնկրետ պարամետրերը կհամաձայնեցվեն լրացուցիչ։ Ադրբեջանի Հանրապետությունը և Հայաստանի Հանրապետությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ կարգավորման հիմնարար սկզբունքների հիման վրա ձեռնամուխ են լինում բովանդակային բանակցությունների՝ խաղաղ կարգավորմանը շուտափույթ հասնելու նպատակով: Կողմերը հաստատում են բանակցային գործընթացի ձևաչափի անփոփոխելիությունը»,-նշվել է հայտարարության մեջ։

Ադրբեջանը հոկտեմբերի 10-ին մի քանի անգամ խախտել է կրակի դադարեցման պայմանավորվածությունը` հարվածներ հասցնելով Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտին, Շուշի և Մարտունի քաղաքներին: Հոկտեմբերի 11-ի առավոտյան Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հայտարարեց, որ առաջնագծում որոշ տեղերում միջդիրքային փոքր մարտեր են ընթանում, փոքր հրաձգություններ կան, օգտագործվում է նաև փոքր հրետանի: Ադրբեջանը հումանիտար հրադադարը խախտում է նաև հոկտեմբերի 11-ին:

Հակառակորդը հոկտեմբերի 11-ին հարձակվողական գործողություններ է ձեռնարկել շփման գծի հյուսիս-արևելյան և հարավային ուղղություններով: