Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարությունը հերքում է Ադրբեջանի պնդումն այն մասին, թե հայկական զինված ուժերը Հադրութի և Ջաբրայիլի ուղղություններով հարձակման փորձ են արել և կրակի տակ առել ադրբեջանական վերասկողության տակ գտնվող տարածքում դիերը հավաքող բացահայտ տարբերակիչ նշաններ ունեցող և սպիտակ դրոշը պարզած սանիտարական մեքենան: Այս մասին ասված է ՀՀ Պաշտպանության նախարարության «Ֆեյսբուք»-ի էջում:
«Ադրբեջանի ղեկավարության հայտարարությունները, թե, իբր, Հայաստանի ԶՈՒ-ն Հադրութի և Ջաբրայիլի ուղղություններով հարձակման փորձ է արել և կրակի տակ առել ադրբեջանական վերասկողության տակ գտնվող տարածքում դիերը հավաքող բացահայտ տարբերակիչ նշաններ ունեցող և սպիտակ դրոշը պարզած սանիտարական մեքենան, անհիմն են և նպատակ են հետապնդում հումանիտար հրադադարի խախտման պատասխանատվությունը բարդել հայկական կողմի վրա»,- ասված է հայտարարության մեջ:
ՊՆ-ն նշում է, որ հոկտեմբերի 10-ին ԱԳ նախարարների մակարդակով ընդունված համատեղ հայտարարությունում հստակ նշված է, որ Արցախի և Ադրբեջանի միջև ռազմագերիների և պահվող այլ անձանց, զոհվածների մարմինների փոխանակումը պետք է իրականացվի Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի միջնորդությամբ և վերջինիս չափանիշների համաձայն, ինչը այս պահի դրությամբ տեղի չի ունենում ադրբեջանական զինուժի կողմից շարունակաբար վարվող մարտական գործողությունների պատճառով:
«Ադրբեջանական կողմի մեղադրանքները դիտարկում ենք որպես պարզունակ սադրանք և հրավիրում շահագրգիռ կողմերի ուշադրությունն այս փաստի վրա»,- նշում է ՊՆ-ն:
Հոկտեմբերի 11-ի երեկոյան, խախտելով հումանիտար հրադադարի պայմանավորվածությունը, ադրբեջանական զինված ուժերը հարավային ուղղությամբ ձեռնարկում են գրոհներ՝ կիրառելով զրահատեխնիկա և հրթիռահրետանային միջոցներ։
Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանն ակտիվ ռազմական գործողություններ է սկսել: Հրետակոծվում և հրթիռակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը և Շուշին: Ադրբեջանի ԶՈՒ-ն թիրախավորել է նաև ՀՀ զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները: Շփման գծում ընթացող համառ մարտերում երկու կողմն ունեն մարդկային ուժի և սպառազինության կորուստներ. ադրբեջանական կորուստները մի քանի անգամ գերազանցում են հայկական կողմինը: Հայտնաբերվել են Թուրքիայի ներգրավվածության, Սիրիայից վարձկանների տեղափոխման և Արցախի դեմ օգտագործման փաստեր:
Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները հայտարարել են, որ հոկտեմբերի 10-ի ժամը 12:00-ից սկսած հաստատվում է մարդասիրական նպատակով կրակի դադարեցման մասին՝ ռազմագերիների և այլ պահպանման տակ գտնվող անձանց ու զոհվածների մարմինների փոխանակման նպատակով՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) միջնորդությամբ և չափորոշիչներին համապատասխան: «Հրադադարի ռեժիմի կոնկրետ պարամետրերը կհամաձայնեցվեն լրացուցիչ։ Ադրբեջանի Հանրապետությունը և Հայաստանի Հանրապետությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ կարգավորման հիմնարար սկզբունքների հիման վրա ձեռնամուխ են լինում բովանդակային բանակցությունների՝ խաղաղ կարգավորմանը շուտափույթ հասնելու նպատակով: Կողմերը հաստատում են բանակցային գործընթացի ձևաչափի անփոփոխելիությունը»,-նշվել է հայտարարության մեջ։