կարևոր
1372 դիտում, 8 ամիս առաջ - 2020-10-11 11:21

Արցախի բնակավայրերում և առաջնագծում իրավիճակը համեմատաբար հանգիստ է

Արցախի բնակավայրերում և առաջնագծում իրավիճակը համեմատաբար հանգիստ է

Արցախի Հանրապետության բնակավայրերում և առաջնագծում այս պահին իրավիճակը համեմատաբար հանգիստ է: Այս մասին հոկտեմբերի 11-ին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ասել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը:

«Առավոտյան տվյալներով նշեմ, որ համեմատաբար ավելի հանգիստ է: Չգիտենք, թե ինչքան երկարատև կլինի դա: Բնակավայրերի վրա հրթիռակոծություն, հրետանակոծություն չի կատարվում: Առաջնագծում շատ փոքր հրաձգություններ կան, փոքր հրետանի է կիրառվում, միջդիրքային փոքր մարտեր են լինում: Չգիտեմ, թե ինչպես կզարգանա օրը»,- ասել է Հարությունյանը:

Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանն ակտիվ ռազմական գործողություններ է սկսել: Հրետակոծվում և հրթիռակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը և Շուշին: Ադրբեջանի զինուժը թիրախավորել է նաև ՀՀ զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները: Շփման գծում ընթացող համառ մարտերում երկու կողմն ունեն մարդկային ուժի և սպառազինության կորուստներ. ադրբեջանական կորուստները մի քանի անգամ գերազանցում են հայկական կողմինը: Հայտնաբերվել են Թուրքիայի ներգրավվածության, Սիրիայից վարձկանների տեղափոխման և Արցախի դեմ օգտագործման  փաստեր:

Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները հայտարարել են հոկտեմբերի 10-ի ժամը 12:00-ից սկսած մարդասիրական նպատակով կրակի դադարեցման մասին՝ ռազմագերիների և այլ պահպանման տակ գտնվող անձանց ու զոհվածների մարմինների փոխանակման նպատակով՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) միջնորդությամբ և չափորոշիչներին համապատասխան: «Հրադադարի ռեժիմի կոնկրետ պարամետրերը կհամաձայնեցվեն լրացուցիչ։ Ադրբեջանի Հանրապետությունը և Հայաստանի Հանրապետությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ կարգավորման հիմնարար սկզբունքների հիման վրա ձեռնամուխ են լինում բովանդակային բանակցությունների՝ խաղաղ կարգավորմանը շուտափույթ հասնելու նպատակով: Կողմերը հաստատում են բանակցային գործընթացի ձևաչափի անփոփոխելիությունը»,-նշվել է հայտարարության մեջ։

Ադրբեջանը հոկտեմբերի 10-ին մի քանի անգամ խախտել է կրակի դադարեցման պայմանավորվածությունը` հարվածներ հասցնելով Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտին, Շուշի և Մարտունի քաղաքներին: