կարևոր
1074 դիտում, 1 տարի առաջ - 2020-10-11 01:53

ՀՀ ուղևորվող բեռնատարում ռազմական նշանակության բեռ չի հայտնաբերվել. Վրաստանն`Ադրբեջանի կեղծիքի մասին

ՀՀ ուղևորվող բեռնատարում ռազմական նշանակության բեռ չի հայտնաբերվել. Վրաստանն`Ադրբեջանի կեղծիքի մասին

Վրաստանի եկամուտների ծառայությունը պաշտոնապես հերքել է ադրբեջանական լրատվամիջոցի տարածած ապատեղեկատվությունն այն մասին, թե իբր «Կազբեգի» մաքսային անցակետում կանխվել է Հայաստանի ուղղությամբ ռազմական բեռի տեղափոխումը: Այս մասին ասված է ծառայության տարածած հաղորդագրությունում:

«Դեպի Հայաստան ուղևորվող բեռնատարի մաքսային վերահսկողության ընթացքում որևէ ռազմական նշանակության բեռի հայտնաբերման փաստ չի արձանագրվել: Այսօր լրատվամիջոցներից մեկը ապատեղեկատվություն է տարածել, իբրև թե, «Կազբեգի» մաքսային անցակետում կանխվել է Հայաստանի ուղղությամբ ռազմական բեռի տեղափոխումը»,- ասված է հայտարարության մեջ:

Ֆինանսների նախարարության եկամուտների ծառայությունը տեղեկացնում է, որ Ռուսաստանի Դաշնությունից «Կազբեգի» մաքսային անցակետ մուտք է գործել այլ երկրի քաղաքացու կողմից վարած՝ միջազգային բեռնափոխադրումներ իրականացնող բեռնատարը: Մաքսային ծառայողների կողմից ռիսկի գնահատման և վերլուծության հիման վրա, որոշակի չափանիշներից ելնելով, տվյալ տարանցիկ բեռը ենթարկվել է մաքսային վերահսկողության համապատասխան ընթացակարգերի:

«Ընդ որում, հետագա մաքսային վերահսկողության շրջանակներում, ապրանքի փաստաթղթերի, կամերային ստուգման և ապրանքի վիզուալ զննության արդյունքում որևէ ռազմական նշանակության բեռ չի հայտնաբերվել, և, համապատասխանաբար, օրինախախտման դեպք տեղի չի ունեցել: Նշված փոխադրամիջոցի կողմից Վրաստանի մաքսային սահմանի հատումը հաստատվել է, և այն շարունակել է շարժվել դեպի հաջորդ նպատակակետը»,- նշված է ծառայության հայտարարությունում: