ՀՀ Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանն արձանագրել է, որ Ադրբեջանը խախտում է կրակի դադարեցման մասին պայմանավորվածությունը` շարունակելով հարձակումը Լեռնային Ղարաբաղի վրա: Այս մասին Մնացականյանը գրել է «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում:
«Մոսկվայում հոկտեմբերի 9-ին ձեռք բերված կրակի դադարեցման մասին պայմանավորվածությունը պետք է պահպանվի և իրականացվի: Ադրբեջանն այսօր ժամը 12:00-ից հետո շարունակել է հարձակումը Լեռնային Ղարաբաղի վրա` խախտելով պարտավորությունները: Հենց հիմա հրթիռակոծում են Ստեփանակերտը: Սա զզվելի ագրեսիա է»,- գրել է Մնացականյանը:
Քիչ առաջ ադրբեջանական զինված ուժերը կրկին հրթիռային հարված են հասցրել Արցախի մայրաքաղաքի ուղղությամբ:
Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները հայտարարել են, որ հոկտեմբերի 10-ի ժամը 12:00-ից սկսած հաստատվում է մարդասիրական նպատակով կրակի դադարեցման մասին՝ ռազմագերիների և այլ պահպանման տակ գտնվող անձանց ու զոհվածների մարմինների փոխանակման նպատակով՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) միջնորդությամբ և չափորոշիչներին համապատասխան: «Հրադադարի ռեժիմի կոնկրետ պարամետրերը կհամաձայնեցվեն լրացուցիչ։ Ադրբեջանի Հանրապետությունը և Հայաստանի Հանրապետությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ կարգավորման հիմնարար սկզբունքների հիման վրա ձեռնամուխ են լինում բովանդակային բանակցությունների՝ խաղաղ կարգավորմանը շուտափույթ հասնելու նպատակով: Կողմերը հաստատում են բանակցային գործընթացի ձևաչափի անփոփոխելիությունը»,-նշվել է հայտարարության մեջ։