կարևոր
2671 դիտում, 2 տարի առաջ - 2020-10-11 00:14

Բացարձակ սուտ է. ՀՀ-ն ու Արցախը կտրականապես հերքում են Թերթերին հարվածելու մասին ապատեղեկատվությունը

Բացարձակ սուտ է. ՀՀ-ն ու Արցախը կտրականապես հերքում են Թերթերին հարվածելու մասին ապատեղեկատվությունը

Հայաստանն ու Արցախը կտրականապես հերքում են Ադրբեջանի Թերթեր քաղաքին հարվածներ հասցնելու վերաբերյալ ադրբեջանական ապատեղեկատվությունը: «Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը նշեց, որ հակառակորդի այդ հայտարարությունը բացարձակ սուտ է:

«Դա բացարձակ սուտ է, և այս հաղորդագրությունից րոպեներ հետո հակառակորդը թիրախավորեց Ստեփանակերտը: Իրենց այս ապատեղեկատվությամբ ուղղակի հող են նախապատրաստել Ստեփանակերտին հերթական հարվածը հասցնելու համար»,- ասաց Շուշան Ստեփանյանը:

Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը ևս հերքեց Ադրբեջանի տարածած ապատեղեկատվությունը:

«Միանշանակ ուզում եմ նշել, որ մենք դեռևս պահպանում ենք հրադադարի վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունը: Եթե համապատասխան գնահատական չտրվի (Ադրբեջանի ԶՈՒ գործողություններին, խմբ.), ՊԲ-ն ստիպված է լինելու համարժեք հարվածներ հասցնել»,- նշեց Պողոսյանը:

Քիչ առաջ ադրբեջանական զինված ուժերը կրկին հրթիռային հարված են հասցրել Արցախի մայրաքաղաքի ուղղությամբ:

Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները հայտարարել են, որ հոկտեմբերի 10-ի ժամը 12:00-ից սկսած հաստատվում է մարդասիրական նպատակով կրակի դադարեցման մասին՝ ռազմագերիների և այլ պահպանման տակ գտնվող անձանց ու զոհվածների մարմինների փոխանակման նպատակով՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) միջնորդությամբ և չափորոշիչներին համապատասխան: «Հրադադարի ռեժիմի կոնկրետ պարամետրերը կհամաձայնեցվեն լրացուցիչ։ Ադրբեջանի Հանրապետությունը և Հայաստանի Հանրապետությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ կարգավորման հիմնարար սկզբունքների հիման վրա ձեռնամուխ են լինում բովանդակային բանակցությունների՝ խաղաղ կարգավորմանը շուտափույթ հասնելու նպատակով: Կողմերը հաստատում են բանակցային գործընթացի ձևաչափի անփոփոխելիությունը»,-նշվել է հայտարարության մեջ։