636 դիտում, 2020.10.10 19:03

Վիրավորում ստացած ռուս լրագրողը պատմել է Ադրբեջանի կողմից Շուշիի եկեղեցու թիրախավորման մասին

Վիրավորում ստացած ռուս լրագրողը պատմել է Ադրբեջանի կողմից Շուշիի եկեղեցու թիրախավորման մասին

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այցելել է ադրբեջանական զինված ուժերի կողմից Շուշիի Ղազանչեցոց եկեղեցու հրթիռակոծման հետևանքով ծանր վիրավորում ստացած ռուս լրագրողին: Թաթոյանը այս մասին գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում:

«Էրեբունի» բժշկական կենտրոն այսօրվա իմ այցի ընթացքում վերակենդանացման բաժանմունքում գտնվող լրագրողը, որ ծանր վիրավորում էր ստացել, խնդրեց բոլորին փոխանցեմ, որ իր աչքերով է տեսել՝ ինչպես է թիրախային հարվածը հասցվում Մայր տաճարին ու որ տաճարում եղել են բացառապես երեխաներ, կանայք ու տարեցներ:

Իրենք լրագրողներով առաջին հարվածից անմիջապես հետո փորձել են օգնել ու եկեղեցուց դուրս բերել խաղաղ բնակիչներին, որոնց մի մասը վիրավորումներ էին ստացել, սակայն այդ պահին երկրորդ հրթիռն է հարվածել, որի պատճառով արդեն լրագրողներն են ստացել վիրավորումներ, իսկ վայրագ հարվածներով եկեղեցուն պատճառվել են ավերածություններ: Լրագրողը պատմեց նաև, որ ինքն է հավաստիացել, որ Շուշի քաղաքի ճանապարհին չի եղել որևէ ռազմական օբյեկտ, բացառապես քաղաքացիական բնակավայրեր են»,- գրել է Թաթոյանը:

Հոկտեմբերի 8-ին Արցախի Շուշի քաղաքի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց Մայր տաճարին ադրբեջանական զինված ուժերը հասցրել են երկու թիրախային հարված ՝ պատճառելով մեծ ավերվածություն և վիրավորումներ այդ պահին տաճարում գտնվող երեխաներին, կանանց ու տարեցներին: Հրթիռային հարվածների հետևանքով վիրավորումներ էր ստացել 3 ռուս լրագրող: