կարևոր
2244 դիտում, 2 տարի առաջ - 2020-10-10 01:56

Ընթանում է ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի ԱԳ նախարարների միջև բանակցությունների 9-րդ ժամը

Ընթանում է ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի ԱԳ նախարարների միջև բանակցությունների 9-րդ ժամը

Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանի, Սերգեյ Լավրովի ու Ջեյհուն Բայրամովի միջև բանակցությունները շարունակվում են արդեն շուրջ 9 ժամ: Հոկտեմբերի 9-ին մեկնարկած բանակցությունները մի քանի անգամ ընդմիջվել են:

Ադրբեջանի Արտաքին գործերի նախարարն առաջին ընդմիջման ընթացքում դուրս է եկել ՌԴ արտգործնախարարության շենքից: Ըստ լրագրողների տեղեկությունների՝ Բայրամովն այցելել է Ադրբեջանի դեսպանատուն և վերադարձել:

Հոկտեմբերի 9-ին Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներին հրավիրել էր Մոսկվա՝ քննարկելու արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հումանիտար հրադադար հաստատելու հարցը, որպեսզի կողմերը հնարավորություն ստանան փոխանակելու գերիներին և զոհվածների մարմինները: Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների բանակցություններն ընթանում են Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի միջնորդությամբ:

Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանն ակտիվ ռազմական գործողություններ է սկսել: Հրետակոծվում և հրթիռակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը և Շուշին: Ադրբեջանի ԶՈՒ-ն թիրախավորել է նաև ՀՀ զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները: Շփման գծում ընթացող համառ մարտերում երկու կողմն ունեն մարդկային ուժի և սպառազինության կորուստներ. ադրբեջանական կորուստները մի քանի անգամ գերազանցում են հայկական կողմինը: Հայտնաբերվել են Թուրքիայի ներգրավվածության, Սիրիայից վարձկանների տեղափոխման և Արցախի դեմ օգտագործման  փաստեր: