կարևոր
1371 դիտում, 1 տարի առաջ - 2020-10-09 19:28

Կամավորագրված և զինվորական ծառայության կանչված քաղաքացիների աշխատատեղերը կպահպանվեն

Կամավորագրված և զինվորական ծառայության կանչված քաղաքացիների աշխատատեղերը կպահպանվեն

ՀՀ Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը:  «Իմ քայլը» խմբակցության հեղինակած նախագծով առաջարկվում էր կարգավորել զինծառայության բոլոր դեպքերում աշխատողի ու գործատուի միջև իրավահարաբերությունները:

Խմբակցության պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանը նախագծի ներկայացման ընթացքում նշել էր, որ այն միտված է զինվորական ծառայության բոլոր տեսակների հետ կապված հարաբերությունները կարգավորելուն, որն առաջանում է աշխատողի և գործատուի միջև՝ աշխատողին զինվորական ծառայության զորակոչելու դեպքերում:

«Այժմ կարգավորում կա միայն պարտադիր զինծառայության հետ կապված հարաբերություններում, սահմանվում է, որ նշված դեպքում գործատուն աշխատանքային պայմանագիրը լուծում է: Մնացած դեպքերում, երբ խոսքը վերաբերում է զորահավաքային զինծառայությանը, զորավարժություններին մասնակցելուն, կամավորագրվելուն ու մի շարք այլ դեպքերին, կարգավորումները բացակայում են»,- նշել էր Տիգրանյանը:

Հերիքնազ Տիգրանյանը հավելել էր, որ, ըստ նախագծի, կամավորագրվելու, զորավարժություններին մասնակցելու, զորահավաքային զինծառայության անցնելու դեպքերում աշխատողի աշխատատեղը պահպանվում է, նա ազատվում է աշխատանքային պարտականությունների կատարումից, իսկ վարձատրման հետ կապված հարցերը կարգավորվում են աշխատողի ու գործատուի համաձայնությամբ:

Պատգամավորը նշեց, որ առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում նախագծում կատարվել են որոշ փոփոխություններ, նախագիծը լրամշակվել է:

Օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեց միաձայն` 80 «կողմ» ձայներով: