580 դիտում, 2020.10.09 13:43

Ադրբեջանական թիրախավորումից տուժած բոլոր բնակավայրերը վերականգնելու ենք. Պարգև Սրբազան

Ադրբեջանական թիրախավորումից տուժած բոլոր բնակավայրերը վերականգնելու ենք. Պարգև Սրբազան

Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը վստահեցնում է՝ Շուշիի եկեղեցին, ինչպես նաև ադրբեջանական թիրախավորումից տուժած բոլոր բնակավայրերը վերականգնելու են՝ հիշեցնելով, որ 90-ականների պատերազմից հետո ևս դրանք ավերված են եղել:

Այս մասին Պարգև Սրբազանն ասաց մամուլի ասուլիսում:

«Երեկ, հրթիռակոծելով Ղազանչեցոց եկեղեցին՝ հատուկ փորձել են մեր խաչի նշանը վիրավորել, մեզ հուսահատեցնել: Միջազգային տեռորի, բարբարոսության ձեռագիր է սա, մենք շատ լավ հասկանում ենք: Մենք վերականգնելու ենք և՛ Ստեփանակերտը, և՛ Շուշին, և՛ մյուս բնակավայրերը, և՛ բոլոր ենթակառուցվածքները: Համազգային ուժերով կվերակագնենք, մեկ է՝ փյունիկի պես հառնելու ենք մեր ազգն էլ, մեր հայրենինքն էլ», - ասաց Սրբազանը։

Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը նշեց, որ հայկական կողմի դեմ հակառակորդը շատ ուժեղ է պայքարում։

«Մենք ենք, մեր Աստված և մեր բանակը։ Մեր 18-20 տարեկան տղաները իրոք հերոսներ են, հիանալ կարելի է, շնորհակալ եմ իրենց ծնողներին, որ այսպիսի հզոր տղաներ են դաստիարակել մեր հայրենիքի համար: Նրանք ամեն օրվա հրետակոծության ժամանակ սարի պես կանգնած են։ Մեր ուժերն անհավասար են, սակայն մենք կատաղի դիմադրում ենք, և մեր գործն արդար է»,- ընդգծեց Արցախի թեմի առաջնորդը։

Նա վստահեցրեց, որ պետք է ազգային միաբանություն, համազգային աղոթք, հզոր կամք և անսասան ոգի:

Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը ևս մեկ անգամ կոչ արեց մասնակցել համահայկական դրամահավաքին:

Ադրբեջանը հոկտեմբերի 8-ին 2 անգամ հարվածել է Շուշիի Ղազանչեցոց եկեղեցուն: Երկրորդ հարվածի ժամանակ տուժել են տարածքում իրենց մասնագիտական գործունեությունը ծավալող 3 լրագրող: