կարևոր
1651 դիտում, 2 տարի առաջ - 2020-10-09 13:14

Կամավորագրվողները կկարողանան պահպանել իրենց աշխատատեղերը

Կամավորագրվողները կկարողանան պահպանել իրենց աշխատատեղերը

ՀՀ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը:

«Իմ քայլը» խմբակցության հեղինակած նախագծով առաջարկվում է կարգավորել զինծառայության բոլոր դեպքերում աշխատողի ու գործատուի միջև իրավահարաբերությունները:

Խմբակցության պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանը նախագծի ներկայացման ընթացքում նշեց, որ այն միտված է զինվորական ծառայության բոլոր տեսակների հետ կապված հարաբերությունները կարգավորելուն, որն առաջանում է աշխատողի և գործատուի միջև՝ աշխատողին զինվորական ծառայության զորակոչելու դեպքերու: Այժմ կարգավորում կա միայն պարտադիր զինծառայության հետ կապված հարաբերություններում, սահմանվում է, որ նշված դեպքում գործատուն աշխատանքային պայմանագիրը լուծում է: Մնացած դեպքերում, երբ խոսքը վերաբերում է զորահավաքային զինծառայությանը, զորավարժություններին մասնակցելուն, կամավորագրվելուն ու մի շարք այլ դեպքերին, կարգավորումները բացակայում են:

Հերիքնազ Տիգրանյանը հավելեց, որ, ըստ նախագծի, կամավորագրվելու, զորավարժություններին մասնակցելու, զորահավաքային զինծառայության անցնելու դեպքերում աշխատողի աշխատատեղը պահպանվում է, նա ազատվում է աշխատանքային պարտականությունների կատարումից, իսկ վարձատրման հետ կապված հարցերը կարգավորվում են աշխատողի ու գործատուի համաձայնությամբ:

Օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց 85 «կողմ» ձայներով: