Արցախի Հանրապետությունում հաշվառված անձանց 2020 թվականի հոկտեմբերի՝ կանխիկ եղանակով վճարվող կենսաթոշակները և պետական նպաստները կվճարվեն Հայաստանի Հանրապետությունում՝ սկսած սույն թվականի հոկտեմբերի 9-ից։
Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարարությունը հայտարարություն է տարածել՝ նշելով, որ կենսաթոշակ և (կամ) նպաստ ստանալու համար անհրաժեշտ է անձը հաստատող փաստաթղթով ներկայանալ «Հայփոստ» ՓԲԸ-ի՝ կենսաթոշակառուի (նպաստառուի)` փաստացի բնակության վայրը սպասարկող մասնաճյուղ։
«Մանրամասն տեղեկություններ ստանալու համար կարող եք զանգահարել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության թեժ գիծ 114 հեռախոսահամարով կամ «Հայփոստ» ՓԲԸ-ի հեռախոսազանգերի կենտրոն (010) 514-514 հեռախոսահամարով»,- տեղեկացնում են «Հայփոստ»-ից: