կարևոր
2536 դիտում, 2 տարի առաջ - 2020-10-09 02:04

Ֆրանսիայի հայ համայնքը բազմամարդ բողոքի ակցիա է անցկացրել Փարիզում Թուրքիայի դեսպանատան մոտ

Ֆրանսիայի հայ համայնքը բազմամարդ բողոքի ակցիա է անցկացրել Փարիզում Թուրքիայի դեսպանատան մոտ

Ֆրանսիայի հայ համայնքը բազմամարդ բողոքի ցույց է անցկացրել Փարիզում Թուրքիայի դեսպանատան մոտ` դատապարտելով Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծած լայնածավալ պատերազմում Ադրբեջանին ցուցաբերվող աջակցությունը: Փարիզում բնակվող հայ լրագրող Էլլադա Ղուկասյանը նշել է, որ սա Փարիզում թվով երկրորդ բողոքի ցույցն էր, իսկ առաջինը կազմակերպվել էր Ադրբեջանի դեսպանատան մոտ:

«Ցույցի ընթացքում մասնակիցները պարզել են տարբեր գրություններով պաստառներ և հնչեցրել վանկարկումներ՝ նշելով, որ Թուրքիան և Ադրբեջանը ահաբեկիչներ են ու պետք է կանխել Արցախի ու Հայաստանի դեմ նրանց գործողությունները: Մասնակիցները Ֆրանսիայի կառավարությունից պահանջում էին ուշադրություն դարձնել հակամարտության խնդրի վրա, աջակցել ճշմարտությանը և խաղաղություն հաստատել տարածաշրջանում»,- ասել է Ղուկասյանը:

Էլլադա Ղուկասյանը հավելել է, որ ակցիային մասնակցել է մոտ 2 հազար մարդ, որոնց թվում եղել են նաև ֆրանսիացիներ, որոնք Արցախյան խնդրի մասին տեղեկացել են իրենց հայ ընկերներից:

«Կան այստեղ ապրող մարդիկ, որոնք չգիտեն այս խնդրի մասին և փորձում ենք այս ցույցերով նրանց տեղեկացնել հակամարտության մասին: Այս ցույցերին միանում են նաև այլ համայնքների ներկայացուցիչներ՝ հույներ, քրդեր, եզդիներ և այլն »,- նշել է լրագրողը:

Ֆրանսիայի հայ համայնքի կողմից Փարիզում հաջորդ բողոքի ցույցը նախատեսվում է անցկացնել խորհրդարանի շենքի դիմաց` պահանջելով ճանաչել Արցախի անկախությունը:

Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանն ակտիվ ռազմական գործողություններ է սկսել: Հրետակոծվում և հրթիռակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը և Շուշին: Ադրբեջանի զինուժը թիրախավորել է նաև ՀՀ զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները: Արցախում և Հայաստանում Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի, ողջ զինանոցի կիրառման՝ հրետակոծման, ԱԹՍ հարվածների և հրթիռակոծման հետևանքով 22 քաղաքացիական անձ է զոհվել, վիրավորվել 95-ը: Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմում հայկական կողմից զոհվել է 350 զինծառայող և կամավորական:

Հայկական կողմը ոչնչացրել է հակառակորդի 4 069 զինծառայողի և ահաբեկչի: Թշնամու կորուստներն են՝ 153 ԱԹՍ, 16 ուղղաթիռ, 17 ինքնաթիռ, 496 միավոր զրահատեխնիկա և 4 ՏՈՍ: Առկա են հաստատված տեղեկություններ, որ Ադրբեջանի զինուժի կազմում հայկական կողմի դեմ մարտերի մեջ են նաև Սիրիայից Թուրքիայի միջոցով բերված վարձկաններ: Ֆրանսիայի նախագահ Մակրոնը հաստատել է, որ տիրապետում է լուրջ փաստերի այդ մասին. ջիհադականները կապեր ունեն «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետ:

Վարձկանների ներգրավվածության մասին փաստերի է տիրապետում նաև Ռուսաստանը: Այդ մասին հայտարարել է նաև աղբյուրը ԱՄՆ պաշտպանության նախարարությունից: Սիրիայի նախագահ Բաշար Ալ-Ասադը նշել է, որ Դամասկոսը կարող է հաստատել՝ Թուրքիան Սիրիայից Ղարաբաղ է ուղարկել ջիհադականների: