Լեռնային Ղարաբաղում իրավիճակը քննարկելու նպատակով Ռուսաստանի, Հայաստանի ու Ադրբեջանի առաջնորդների հանդիպում չի նախատեսվում: Հոկտեմբերի 9-ին լրագրողներին ասել է Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
Նա հավելել է, որ ցանկացած շփում, որը կարող է նպաստել իրավիճակի կարգավորմանը ու ուղղակի դուրս բերել այն զինված հակամարտության փուլից, միայն ողջունելի է: Նախագահի մամուլի քարտուղարը նաեւ հստակեցրել է, որ հոկտեմբերի 12-ին Պուտին-Զոհրաբ Մնացականյան հանդիպում ծրագրված չէ:
Հայաստանի արտգործնախարարին կընդունի Ռուսաստանի իր պաշտոնակից Սերգեյ Լավրովը: Իսկ ահա Պուտինի պարբերաբար հեռախոսազրույցները Հայաստանի վարչապետի հետ կշարունակվեն: Պեսկովը նաեւ հավաստիացրել է, որ Լեռնային Ղարաբաղում իրավիճակը կարգավորելու համար շարունակվում են քաղաքական ջանքերը բոլոր մակարդակներում, այդ թվում՝ ամենաբարձր: