կարևոր
1348 դիտում, 1 տարի առաջ - 2020-10-08 03:31

Արցախի փոքրիկները հանդիպել են ֆուտբոլի ընտրանու անդամներին

Արցախից ժամանած երեխաների համար «Ուրարտու» ֆուտբոլային ակումբն  անակնկալ էր պատրաստել՝ հանդիպում ազգային հավաքականի ֆուտբոլիստների հետ։ Այս մասին գրում է ակումբի մամուլի ծառայությունը:

Ընտրանին առաջիկա խաղերից առաջ հերթական մարզումն էր անցկացնում։ Նախքան այն սկսելը, տղաները հանդիպեցին իրենց այցելած երեխաներին, զրուցեցին նրանց հետ, իսկ վերջում նվերներ հանձնեցին։ Արցախից ժամանած հյուրերի հետ էր նաև «Ուրարտուի» երկրորդ թիմի գլխավոր մարզիչ և Հայաստանի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Ռոբերտ Արզումանյանը, որն իր տպավորություններով է կիսվել.

«Երեխաները, ցավոք սրտի, լավ առիթով չեն գտնվում այստեղ, բայց սա լավ հնարավորություն էր նրանց համար, որովհետև շատ ուրախացան, երբ հանդիպեցին ու նկարվեցին իրենց սիրելի ֆուտբոլիստների հետ։ Շատ կարևոր են նման միջոցառումները երեխաներ տրամադրությունը՝ թեկուզ չնչին կերպով բարձրացնելու համար», - նշեց մարզիչը։

«Լավ նախաձեռնություն է, որը երեխաներին որոշ չափով կշեղի այսօրվա իրականությունից։ Կարծում եմ՝ ուրախացան, գնդակով մի քանի հնարքներ արեցինք միասին, շատ դրական էին տրամադրված, կարծես մոռացել էին ամեն ինչ, ամբողջովին խաղի մեջ էին», - նշել է Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Գևորգ Ղազարյանը։