կարևոր
2455 դիտում, 2 տարի առաջ - 2020-10-08 01:41

Հայաստանը զինվորների վնասվածքները բուժելու նպատակով ձեռք է բերում մաշկային տրանսպլանտներ

Հայաստանը զինվորների վնասվածքները բուժելու նպատակով ձեռք է բերում մաշկային տրանսպլանտներ

Իսլանդական «KERECIS» ընկերության հետ ձեռք բերված պայմանավորվածության արդյունքում 70 տոկոս զեղչով Հայաստանին կտրամադրվեն հատուկ տեխնոլոգիաների միջոցով իսլանդական ձողաձկան կաշվից ստացած մաշկային տրանսպլանտներ: Այս մասին ասել է «Իմ քայլ»-ը խմբակցության պատգամավոր Նարեկ Մկրտչյանը և հավելել, որ  30 հազար սմ² մաշկային տրանսպլանտները գնվել են շուրջ 124 հազար ԱՄՆ դոլարով, որը երկու օրում հավաքվել է  և «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցով արդեն փոխանցվել է:

Պատգամավորի խոսքով` հակառակորդի կողմից վիրավորված զինվորների այրվածքների և այլ վերքերի բուժման համար այն շատ արդյունավետ միջոց է:

Նարեկ Մկրտչյանը ասել է, որ դեռևս 2020 թվականի հունվար ամսին Ազգային ժողովի արտաքին կապերի վարչության ղեկավարի հետ այցելել էին Իսլանդիա և հանդիպել էին «KERECIS» ընկերության ղեկավարության հետ:

«Նրանց հետ քննարկեցինք  Հայաստանում ձողաձկան կաշվից ստացած մաշկային տրանսպլանտների կիրառմանը հարցը: Կորոնավիրուսի հետ պայմանավորված այդ գործընթացները կանգնեցին, սակայն երբ սեպտեմբերի 27-ին սկսվեց Ադրբեջանի կողմից հրահրված պատերազմը, ընկերությանը ներկայացվեց, թե ինչ իրավիճակ է շփման գծում և, որ այդ տրանսպլանտների կարիքը ունենք: Բանակցությունների ընթացքում եվրոպական շուկայական արժեքից առաջարկվեց 70 տոկոս զեղչ: Գումարը շատ կարճ ժամանակահատվածում հավաքվեց և «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցով ուղարկվեց»,- նշել է Մկրտչյանը:

Պատգամավորը տեղեկացրել է, որ այդ տրանսպլանտները  առաջին անգամ են կիրառվելու Հայաստանում:

Ըստ Մկրտչյանի`պայմանավորվածություն է ձեռք բերվել նաև, որ Հայաստան պետք է գործուղվեն Բիրմինգհեմի ռազմական հիվանդանոցից և Իսլանդիայի ազգային հիվանդանոցից երկու բժիշկներ:

«Երկուսը կամավոր կգան Հայաստան, մեկ-երկու շաբաթ կմնան, կօգնեն բժիշկներին մաշկային տրանսպլանտների օգտագործման հարցում: Սա նաև շատ լավ ուղերձ կլինի աշխարհին, որ մեր վիրավոր զինվորների համար ամեն ինչ անում ենք, որպեսզի նրանց վերադարձնենք բնականոն կյանք»,- ընդգծել է պատգամավորը՝ հավելելով, որ «KERECIS»-ը համագործակցում է Գերմանիայի և ԱՄՆ-ի տարբեր կլինիկաների հետ: