Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-իվ Լը-Դրիանը հայտարարել է, որ հոկտեմբերի 8-ին՝ Ժնեւում եւ հոկտեմբերի 12-ին՝ Մոսկվայում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ պետությունների՝ Ֆրանսիայի, Միացյալ Նահանգների եւ Ռուսաստանի ներկայացուցիչները քննարկումներ կանցակցվեն Լեռնային Ղարաբաղի հարցով՝ հակամարտող կողմերին հրադադարի շուրջ բանակցությունների սեղան վերադարձնելու նպատակով:
Ֆրանսիայի արտգործնախարարը խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում կայացած լսումների ժամանակ ասել է, որ Ֆրանսիան, Միացյալ Նահանգները եւ Ռուսաստանը ջանքեր են գործադրելու երկխոսություն սկսելու համար, որը պետք է մեկնարկի առանց նախապայմանների:
Հայաստանի արտգործնախարարության խոսնակ Աննա Նաղդալյանը «Երկիրն այսօր»-ի հետ զրույցում հայտնել է, որ այս պահին Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործ-նախարարների հանդիպում չի նախատեսվում:
«Հայաստանի սկզբունքային դիրքորոշումն է, որ չի կարող լինել այնպիսի իրավիճակ, որ մեկ ձեռքով բանակցություններ վարվեր, իսկ մյուս ձեռքով՝ ռազմական գործողություններ Արցախի եւ Հայաստանի դեմ: Ներկա պահի հրամայականն է Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված ռազմական լայնածավալ ագրեսիայի դադարեցումը»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Նաղդալյանը տեղեկացնելով նաեւ, որ որոշակի ժամանակ է՝ նախապատրաստական աշխատանքներ են իրականացվում Մոսկվա արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի պաշտոնական այցի կազմակերպման ուղղությամբ, որը կայանալու է հոկտեմբերի 12-ին:
Ռուսաստանի արտգործնախարարության ներկայացուցիչ Մարիա Զախարովան էլ հայտնել է, որ նույն օրը Մոսկվայում կկայանա Զոհրաբ Մնացականյանի եւ Ռուսաստանի Արտաքին Գործերի նախարար Սերգեյ Լավրովի հանդիպումը: Հոկտեմբերի 8-ին էլ Ժնեվում, 3 միջնորդ պետությունների ներկայացուցիչները կհանդիպեն Ադրբեջանի արտգործնախարարի հետ: