Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանին հայտարարել է, որ թույլ չի տա, որ ահաբեկիչներ տեղակայվեն Իրանի սահմանների մոտ: Այս մասին Ռոհանին ասել է կառավարության նիստի ընթացքում՝ նշելով, որ երկրի քաղաքների ու գյուղերի անվտանգությունը խիստ կարևոր է:
«Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հետ հեռախոսազրույցներում ես բարձրացրել եմ Իրանի տարածքների ու սահմանների անվտանգության հարցը»,- հայտնել է Ռոհանին, նշելով, որ այս հակամարտությունը կրակի, պատերազմի ու արյան միջոցով չի լուծվելու:
Իրանի նախագահն ընդգծել է, որ Թեհրանը պատրաստ է աջակցել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը:
Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանն ակտիվ ռազմական գործողություններ է սկսել: Հրետակոծվում և հրթիռակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը և Շուշին: Ադրբեջանի ԶՈՒ-ն թիրախավորել է նաև ՀՀ զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները: Արցախում և Հայաստանում Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի, ողջ զինանոցի կիրառման՝ հրետակոծման, ԱԹՍ հարվածների և հրթիռակոծման հետևանքով 21 քաղաքացիական անձ է զոհվել, վիրավորվել 80-ից ավելին: Արցախի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած պատերազմում զոհվել է 280 զինծառայող և կամավորական: