կարևոր
1679 դիտում, 1 տարի առաջ - 2020-10-07 15:04

ՄԻԵԴ-ն իր որոշմամբ փաստել է Թուրքիայի ներգրավվածության հանգամանքը. Եղիշե Կիրակոսյան

ՄԻԵԴ-ն իր որոշմամբ փաստել է Թուրքիայի ներգրավվածության հանգամանքը. Եղիշե Կիրակոսյան

ՄԻԵԴ-ում Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը նշում է, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Թուրքիայի նկատմամբ միջանկյալ միջոց կիրառելու վերաբերյալ Հայաստանի դիմումը բավարարել է միայն Հայաստանի կողմից ներկայացված ապացույցները գնահատելու հիման վրա: Կիրակոսյանն այս մասին ասել է հոկտեմբերի 7-ի ասուլիսում:

«Փաստացի մեր ներկայացրած ապացույցների հիման վրա դատարանը փաստել է Թուրքիայի ներգրավվածության հանգամանքը: Դատարանը նման քայլի գնացել է Հայաստանի կողմից ներկայացված ապացույցները գնահատելու հիման վրա, այլ ապացույց չի եղել դատարանի տրամադրության տակ: Ակնհայտ է, որ այս քայլով փաստացի ամրագրվում է, որ Թուրքիայի ներգրավվածության հանգամանք առկա է: Եվ, բնականաբար, կա այդ ներգրավվածությունը չեզոքացնելու ուղղությամբ քայլեր ձեռնարկելու կոչ»,-ասել է Կիրակոսյանը:

Նրա կարծիքով՝ սա կարևոր քայլ է նաև հետագա ընդհանուր գործի տրամաբանության մեջ:

«Իսկ վճռի մասին կարող ենք խոսել, երբ հիմնական գանգատ կներկայացնենք: Ոչ Ադրբեջանի, ոչ Թուրքիայի հետ կապված մենք դեռ հիմնական գանգատ չենք ներկայացրել»,-նշել է Կիրակոսյանը:

Նա կարծում է, որ ՄԻԵԴ-ի այս որոշումը կարող է գործիք հանդիսանալ այլ ԵԽ անդամների համար՝ հղում կատարելու այս որոշմանը և այս որոշումը ֆիքսելով՝ Թուրքիային պահանջ ներկայացնելու համար:

Կիրակոսյանը նաև նշել է, որ ամենօրյա ռեժիմով ՄԻԵԴ են ներկայացնում ապացույցներ՝ Ադրբեջանի կողմից կոնվենցիոն և մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումների վերաբերյալ։

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Թուրքիայի նկատմամբ միջանկյալ միջոց կիրառելու վերաբերյալ ՀՀ կառավարության դիմումի հիման այն կիրառելու մասին որոշում է կայացրել: Դատարանը վերահաստատել է միջանկյալ միջոց կիրառելու մասին սեպտեմբերի 29-ի որոշումը եւ կոչ արել ուղղակի կամ անուղղակի ներգրավված բոլոր երկրներին, այդ թվում՝ Թուրքիային, զերծ մնալ քաղաքացիական բնակչության՝ Կոնվենցիայով պաշտպանվող իրավունքները խախտելուց: