կարևոր
916 դիտում, 1 տարի առաջ - 2020-10-06 22:23

Կանադահայերն արշավներով բարձրաձայնում են Արցախի դեմ ադրբեջանա-թուրքական ագրեսիայի մասին

Կանադահայերը քաղաքական և քարոզչական արշավներ են սկսել, որպեսզի բարձրաձայնեն Արցախի դեմ ադրբեջանա-թուրքական ագրեսիայի մասին։

Կանադայի Հայ Դատի հանձնախմբի Օտտավայի գրասենյակի գործադիր տնօրեն Սեվակ Բելյանը «Հայերն Այսօր»-ին պատմել է, թե սփյուռքում ինչ քայլեր են ձեռնարկում այս ուղղությամբ։ Սևակ Բալյանի խոսքով՝ իրենք կապ են հաստատել Կանադայի ազդեցիկ պաշտոնյաների, արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչների հետ, իրավիճակի մասին հաղորդել են նաև Կանադայի վարչապետի գրասենյակին։

Կանադայի արտաքին գործերի նախարար Ֆրանսուա-Ֆիլիպ Շամպայնը հոկտեմբերի 5-ին հայտարարել է Թուրքիային ռազմական սարքավորումների մատակարարումը կասեցնելու մասին՝ «Թվիթեր»-ի իր միկրոբլոգի գրառումով։

«Արտահանման վերահսկողության խիստ ռեժիմին և շարունակվող հետաքննությանը համապատասխան, ես կասեցրել եմ դեպի Թուրքիա արտահանման համապատասխան թույլտվությունները»,- գրել է ԱԳ նախարարը:

Կանադայի արտաքին գործերի նախարար Ֆրանսուա-Ֆիլիպ Շամպայնը հավելել է, որ Կանադան կոչ է անում անհապաղ քայլեր ձեռնարկել բռնության կանխարգելման և քաղաքացիական բնակչության պաշտպանության ուղղությամբ:

Հոկտեմբերի 3-ին Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն հայտարարել է, որ Կանադան պետք է պարզի, թե ինչպես են Թուրքիային մատակարարված ռազմական սարքավորումները հայտնվել Ադրբեջանում: Փորձագետները ուսումնասիրել էին Ադրբեջանի օդուժի տարածած տեսանյութերը և եզրակացրել, որ կիրառվող անօդաչու թռչող սարքերը համալրված են եղել թիրախավորման և նկարահանման համակարգերով, որոնք արտադրում է Կանադայում տեղակայված L3Harris Technologies ընկերության մասնաճյուղը: The Globe և Mail պարբերականները տեղեկացրել էին, որ այդ ընկերությունը այս տարի ավելի վաղ արտոնագիր է ստացել և նմանատիպ յոթ համակարգեր մատակարարել անօդաչու թռչող սարքեր արտադրող թուրքական Baykar ընկերությանը: Կանադայի Ներմուծման և արտահանման թույլտվության ակտը արգելում է զենք֊զինամթերքի վաճառքը, եթե այն կարող է օգտագործվել միջազգային մարդասիրական կանոնների կամ մարդու իրավունքների ոտնահարման համար: