Ադրբեջանի զինված ուժերի կողմից հոկտեմբերի 6-ին Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտի հրթիռակոծության հետևանքով կան տուժածներ և վիրավորներ: Այս մասին հոկտեմբերի 6-ին կայացած մամուլի ասուլիսի ընթացքում ասաց ՀՀ Պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:
«Այսօր վաղ առավոտվանից նորից սկսեցին Ստեփանակերտի հրթիռակոծությունները: Շարունակում են հրթիռակոծել քաղաքը, բնակելի թաղամասերը, շինությունները, ենթակառուցվածքները: Կան տուժածներ և վիրավորներ»,- ասաց Հովհաննիսյանը:
Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանն ակտիվ ռազմական գործողություններ է սկսել: Հրետակոծվում և հրթիռակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը և Շուշին: Ադրբեջանի ԶՈՒ-ն թիրախավորել է նաև ՀՀ զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները: Արցախում և Հայաստանում Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի, ողջ զինանոցի կիրառման՝ հրետակոծման, ԱԹՍ հարվածների և հրթիռակոծման հետևանքով 21 քաղաքացիական անձ է զոհվել, վիրավորվել 80-ը: Արցախի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած պատերազմում զոհվել է 240 զինծառայող և կամավորական: