24.06.2022
|
||
---|---|---|
USD | 408.56 -2.26 | |
GBP | 502.73 +1.12 | |
EUR | 430.54 -0.94 | |
GEL | 139.14 -0.83 | |
RUB | 7.67 -0.07 |
Ռուսաստանի Դաշնության Արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն ու Իրանի Արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆն ընդգծել են, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության դիվանագիտական ճանապարհով կարգավորումը չունի այլընտրանք: Ինչպես հայտնում է ՌԴ ԱԳՆ պաշտոնական կայքը, այս մասին նախարարները խոսել են հեռախոսազրույցի ընթացքում:
Հեռախոսազրույցի ընթացքում հայտնվել է Մոսկվայի և Թեհրանի լուրջ մտահոգությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում աննախադեպ էսկալացիայի առնչությամբ: Ընդգծվել է նրանում Սիրիայից և Լիբիայից ապօրինի զինված խմբավորումների զինյալ ծայրահեղականների ներգրավվածության վտանգավորությունը: Արձանագրվել է դիվանագիտական կարգավորման այլընտրանքի բացակայությունը, որի սկիզբը պետք է դառնա առանց նախապայմանների կրակի դադարեցումը:
Լավրովը մատնանշել է Ռուսաստանի ինտենսիվ ջանքերը, ինչպես ազգային մակարդակով, այնպես էլ ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահության շրջանակներում` տարածաշրջանում խաղաղության շուտափույթ հաստատման ուղղությամբ: Նախարարները կրկին ընդգծել են այն կարևոր դերը, որը կարող են ունենալ Հայաստանի և Ադրբեջանի հարևան երկրները:
Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանն ակտիվ ռազմական գործողություններ է սկսել: Հրետակոծվում և հրթիռակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը և Շուշին: Ադրբեջանի ԶՈՒ-ն թիրախավորել է նաև ՀՀ զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները: Արցախում և Հայաստանում Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի, ողջ զինանոցի կիրառման՝ հրետակոծման, ԱԹՍ հարվածների և հրթիռակոծման հետևանքով 21 քաղաքացիական անձ է զոհվել, վիրավորվել 80-ը: Արցախի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած պատերազմում զոհվել է 240 զինծառայող և կամավորական: