կարևոր
962 դիտում, 1 տարի առաջ - 2020-10-06 19:02

Կառավարությունը հնարավորություն է ստեղծում, որ բանկերը ներեն անհուսալի վարկերի գծով տույժերը

Կառավարությունը հնարավորություն է ստեղծում, որ բանկերը ներեն անհուսալի վարկերի գծով տույժերը

ՀՀ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց կառավարության ներկայացրած օրենքի նախագիծը, որով առաջարկվում է ստեղծել նպաստավոր հարկային միջավայր, որ բանկերն ու վարկային կազմակերպությունները ֆիզիկական անձանց մինչեւ 2020 թվականի օգոստոսի 31-ը անհուսալի ճանաչված վարկերի գծով հաշվարկված տույժերն ու տուգանքները ներելու որոշում կայացնելու պարագայում լրացուցիչ հարկային հետևանքներ չկրեն: Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծն ԱԺ նիստում ներկայացրեց ՀՀ ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը:

«Նախագծի նպատակն է ստեղծել հնարավորություն, որպեսզի առեւտրային բանկերը եւ վարկային կազմակերպություններն առանց լրացուցիչ հարկային պարտավորություններ կրելու ֆիզիկական անձանց կարողանան ներել մինչեւ 2020 թվականի օգոստոսի 31-ը անհուսալի ճանաչված վարկերի գծով հաշվարկված տույժերն ու տուգանքները»,-ասաց Պողոսյանը:

Նա նշեց, որ պետությունն, ըստ էության, իր վրա է վերցնում այդ բեռի մի մասը՝ ուղիղ խրախուսելով, որ բանկերն ու վարկային կազմակերպությունները գնան այդ քայլին, ներեն տույժերն ու տուգանքները: Փոխնախարարի խոսքով՝ կառավարությունը որոշել է նման նախաձեռնություն անել՝ հաշվի առնելով, որ ստեղծված իրավիճակում շատ ֆիզիկական անձինք դժվարություններ ունեն ներգրավված վարկերն անխափան սպասարկելու գործում:

Նախագիծն ԱԺ նիստում քվեարկությամբ ստացավ 98 կողմ ձայն:

Արցախի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունների արդյունքում Հայաստանում և Արցախում գործում է ռազմական դրություն: