կարևոր
1829 դիտում, 2 տարի առաջ - 2020-10-06 18:30

Հայաստան-Վրաստան խաղը Երևանի փոխարեն կանցկացվի Լեհաստանում

Հայաստան-Վրաստան խաղը Երևանի փոխարեն կանցկացվի Լեհաստանում

Ազգերի լիգայի հոկտեմբերի 11-ին նախատեսված Հայաստան-Վրաստան հանդիպման վայրը փոխվել է ՈՒԵՖԱ-ի նախաձեռնությամբ։

Այս մասին հայտնում է ՀՖՖ-ն: Հանդիպումը կկայանա նույն օրը Լեհաստանի Տիխի քաղաքում։ Ինչպես և Հայաստան-Ալբանիա հանդիպման դեպքում, ՈՒԵՖԱ-ն որոշումը կայացրել է՝ հաշվի առնելով տարածաշրջանում ստեղծված իրավիճակը: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան վերջին օրերի բանակցությունների ընթացքում վերահաստատել է ՀՀ կառավարության պատրաստակամությունը հանդիպումն անցկացնել Երևանում։

Նշենք, որ Հայաստանի իշխանությունները դեռևս նախորդ շաբաթ անվտանգության երաշխիքները հավաստող պաշտոնական գրություն էին տրամադրել ՈՒԵՖԱ-ի ղեկավարությանը։  ՀՖՖ-ն, իր հերթին, պնդել է, որ պատրաստ է Հայաստան-Վրաստան հանդիպումն անցկացնել սեփական հարկի տակ՝ հաշվի առնելով տրված երաշխիքները, սակայն ՈՒԵՖԱ-ն այլ որոշում է կայացրել։ Հանդիպումը կանցկացվի առանց հանդիսատեսների։ Հոկտեմբերի 14-ին Ազգերի լիգայի շրջանակում Հայաստանի հավաքականը Տալինում կմրցի Էստոնիայի ընտրանու հետ։