կարևոր
773 դիտում, 7 ամիս առաջ --> 2020-10-06 18:10

Ադրբեջանական «Սմերչի» մի քանի հրթիռ պայթել է Ստեփանակերտի Միջազգային Կարմիր խաչի գրասենյակի կողքին

Ադրբեջանական «Սմերչի» մի քանի հրթիռ պայթել է Ստեփանակերտի Միջազգային Կարմիր խաչի գրասենյակի կողքին

Ադրբեջանի Զինված ուժերի «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգի կայանի մի քանի հրթիռ պայթել է Ստեփանակերտի Միջազգային Կարմիր խաչի գրասենյակի կողքին: Այս մասին հայտնում է Արցախի Արտաքին գործերի նախարարության «Տելեգրամ»-ի ալիքը:

Հոկտեմբերի 6-ին Ադրբեջանի զինված ուժերը դարձյալ սկսել են հրթիռակոծել Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտը` թիրախավորելով խաղաղ բնակչությանն ու քաղաքացիական ենթակառուցվածքները:

Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանն ակտիվ ռազմական գործողություններ է սկսել: Հրետակոծվում և հրթիռակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը և Շուշին: Ադրբեջանի ԶՈՒ-ն թիրախավորել է նաև ՀՀ զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները: Արցախում և Հայաստանում Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի, ողջ զինանոցի կիրառման՝ հրետակոծման, ԱԹՍ հարվածների և հրթիռակոծման հետևանքով 21 քաղաքացիական անձ է զոհվել, վիրավորվել 80-ը: Արցախի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած պատերազմում զոհվել է 240 զինծառայող և կամավորական:

Առկա են հաստատված տեղեկություններ, որ Ադրբեջանի զինուժի կազմում հայկական կողմի դեմ մարտերի մեջ են նաև Սիրիայից Թուրքիայի միջոցով բերված վարձկաններ: Ֆրանսիայի նախագահ Մակրոնը հաստատել է, որ տիրապետում է լուրջ փաստերի այդ մասին. ջիհադիստները կապեր ունեն «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետ: Վարձկանների ներգրավվածության մասին փաստերի է տիրապետում նաև Ռուսաստանը: Այդ մասին հայտարարել է նաև աղբյուրը ԱՄՆ Պաշտպանության նախարարությունից: Սիրիայի նախագահ Բաշար Ալ-Ասադը նշել է, որ Դամասկոսը կարող է հաստատել՝ Թուրքիան Սիրիայից Ղարաբաղ է ուղարկել ջիհադիստների: