ՀՀ ազգային ժողովի փոխնախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը վստահեցնում է, որ Ադրբեջանը իր իսկ կողմից սանձազերծած պատերազմում ռազմական առումով որևէ հաջողություն չունի: Սիմոնյանն այս մասին ասաց ԱԺ հայտարարությունների ժամին:
Պատգամավորը նշեց, որ ուզում է ադրբեջանցիները իմանան՝ իրենց խաբում են ամենալկտի ձևով: «Ադրբեջանը ռազմական առումով ոչ մի հաջողություն չունի, և մեզ մոտ հաճախ տպավորություն է ստեղծվում, որ ադրբեջանցի զինվորներին նետում են մսաղաց, որպեսզի Ալիևը կամ որևէ այլ պետական պաշտոնյա կարողանա համացանցում գրառում անել կամ լուսանկար տեղադրել: Ես վստահեցնում եմ, որ ադրբեջանցիները Արցախից նոր զինադադար են խնդրելու, իսկ Ալիևը փախչելու է Ադրբեջանից՝ թողնելով Ադրբեջանը աղքատության մեջ»,-ասաց նա:
Սիմոնյանը, դիմելով սփյուռքին, շնորհակալություն հայտնեց և խնդրեց շարունակել գործը աշխարհի շատ երկրներում, ստիպել համաշխարհային հանրությանը, որ կանգնեցնեն Թուրքիայի և իր խամաճիկ Ադրբեջանի գործողությունները: