Երևանի ավագանին հոկտեմբերի 6-ին կայացած արտահերթ նիստում որոշեց Երևան քաղաքի 2020 թվականի բյուջեի վարչական մասի պահուստային ֆոնդից 100 մլն ՀՀ դրամ հատկացնել՝ Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտում նախատեսվող վերանորոգման աշխատանքների իրականացման նպատակով։
Երևանի ավագանու նիստին գրանցված 46 անդամներն էլ միաձայն կողմ քվեարկեցին առաջարկին։
Երևանի քաղքապետի տեղակալ Սերգեյ Ներսիսյանը ներկայացրել է 2019 թվականի դեկտեմբերի 25-ի N186-Ն որոշման մեջ կատարվող փոփոխությունը, որով Երևան քաղաքի 2020թ. բյուջեի պահուստային ֆոնդից 100 մլն ՀՀ դրամ է հատկացվելու՝ Ստեփանակերտի թիրախավորման արդյունքում վնասված քաղաքացիական ենթակառուցվածքների և օբյեկտների կապիտալ վերանորոգման աշխատանքների իրականացման նպատակով։
«Մենք երեկ քննարկել ենք այս հարցը և միաձայն տվել ենք դրական եզրակացություն»,- այս մասին ասել է հարակից զեկուցող, Ֆինանսավարկային տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Լևոն Հովհաննիսյանը:
«Իմ քայլը» խմբակցության ավագանու անդամ Արման Անտոնյանը դիմել է աշխարհի բոլոր մայրաքաղաքների, նաև Երևանի քույր և գործընկեր քաղաքների ղեկավարներին՝ անտարբեր չանցնել Ադրբեջանի կողմից սանձազերծած գործողությունների պատճառով Արցախում և Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների կողքով:
«Կոչ եմ անում լինել ավելի մարդասեր ու խաղաղասեր: Խոսքով ու նաև գործով ձեր վերաբերմունքը հայտնեք ագրեսորներ Թուրքիայի և Ադրբեջանի նկատմամբ, որոնց գործողությունների հետևանքով զոհվում են անմեղ բնակիչներ»,- նշել է Անտոնյանը: