կարևոր
1127 դիտում, 1 տարի առաջ - 2020-10-06 14:01

Կոնգրեսական Քրիս Սմիթի համոզմամբ՝ անհրաժեշտ է դադարեցնել ռազմական օգնությունն Ադրբեջանին

Կոնգրեսական Քրիս Սմիթի համոզմամբ՝ անհրաժեշտ է դադարեցնել ռազմական օգնությունն Ադրբեջանին

Հանրապետական կոնգրեսական Քրիս Սմիթի համոզմամբ՝ Ադրբեջանի՝ Արցախի դեմ սանձազերծած ռազմական գործողություններում Թուրքիան ռազմական աջակցություն է ցույց տալիս Ադրբեջանին:

«Ամերիկայի ձայն»-ի ռուսական ծառայությանը տված հարցազրույցում Սմիթը նշում է, որ այդ առնչությամբ բազմաթիվ ապացույցներ կան, բայց անհրաժեշտ է ավելի խորը հետաքննություն անցկացնել, մասնավորապես կործանիչ ինքնաթիռների հարցում, որոնք օգտագործում են, և կարծիք կա, որ դրանք տրամադրվում են Թուրքիայի կողմից:  «Երբ ունենք մի քանի հազար ջիհադականների ներկայություն, պատահաբար տեղի չի ունենում. դա ծրագրված էր: Մենք հավատում ենք, որ Թուրքիան այս ամենում կրկին ունեցել է դերակատարում: Մարդիկ են զոհվում: Չնայած Մինսկի խմբի համանախագահների գործունեությունը չի տվել բաղձալի արդյունք, սակայն այն մեծ ջանքեր է գործադրել: Կարծում եմ՝ երբ Ալիևը հրաժարվում էր բանակցելուց, ապավինում էր գերակա ռազմական ուժին: Անհրաժեշտ է խստորեն արձագանքել դրան: Գիտեմ, որ ֆրանսիացիները բարձրաձայնել են, մենք բարձրաձայնել ենք, ինչպես նաև հայերը»,-նշում է կոնգրեսականը:

Նա ընդգծում է, որ ուժի կիրառումը պետք է դադարի. անհրաժեշտ է դադարեցնել ռազմական գծով  ֆինանսավորումը և ռազմական օգնությունն Ադրբեջանին: «Մենք պետք է վերանայենք մեր հարաբերությունները նաև Թուրքիայի հետ: Հիշենք Թուրքիայի գործողություները Կիպրոսում: Նրանք շարունակում են նույն կերպ գործել Կիպրոսի ապօրինի  օկուպացումից հետո: Դա արշավանք էր: Այն, որ դա տեղի է ունեցել տարիներ առաջ, որևէ կերպ չի մեղմացնում այդ անարդար և սարսափելի արարքը: Թուրքիան շարժվում է սխալ ուղղությամբ: Ես երկու կոնգրեսական լսումներ եմ կազմակերպել Հայոց ցեղասպանության վերաբերյալ: Մեկը կապված էր հայերի դեմ իրականացված ցեղասպանության 100-րդ տարելիցի հետ, իսկ մյուսը՝ դեռևս Քլինթոնի նախագահության օրոք էր»,-շեշտեց Սմիթն ու հավելեց, որ երբեք չի մոռանա, որ լսումներին մասնակցում էր նաև թուրք դիվանագետը: Երկու կողմերն էլ ներկայացված են եղել: Թուրքական կողմը սպառնացել է Ինջիրլիքի ռազմակայանով, եթե ԱՄՆ-ն ընդունի ցեղասպանության ճանաչման բանաձևը:

Սմիթի խոսքով՝ բոլորն էլ գիտակցում էին, որ իրականությունն այն է, որ տեղի է ունեցել Հայոց ցեղասպանություն:

Վերադառնալով Ադրբեջանի՝ Արցախի դեմ սանձազերծած ռազմական գործողություններին՝ Քրիս Սմիթն ընդգծում է, որ  կա մի իրավիճակ, երբ Թուրքիան Ադրբեջանին ռազմական աջակցություն է ցույց տալիս: «Մեր ուղերձն է՝ կանգ առե՛ք: Օր առաջ պետք է դադարեցնել արյունահեղությունը: ՆԱՏՕ դաշինքի անդամը չպետք է այդպես վարվի: Այս ամենը կարող է վերածվել ավելի լայն ընդհարման: Անհրաժեշտ է վերադառնալ 1994  թվականի զինադադարին, այնուհետև գտնել կարգավորման բանաձև: Սա այլևս սառեցված հակամարտություն չէ, ինչպես այն հաճախ փորձում են ներկայացնել»,-եզրափակում է Սմիթը: