ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Հոգեբանական աջակցության բաժնի մասնագետներն այցելում են Արցախից Հայաստան եկած ընտանիքներին և աջակցություն ցուցաբերում: ՀՀ ԱԻՆ-ը տեղեկացնում է, որ նախարար Ֆելիքս Ցոլակյանի հանձնարարությամբ հոգեբանները ևս աշխատում են 24-ժամյա գրաֆիկով:
Ստեղծված իրավիճակում հոգեբանական աջակցության կարիք ունեցողները կարող են ԱԻՆ մասնագետների հետ կապ հաստատել՝ զանգելով 911, ինչպես նաև 060 712 444, 010 360 684 հեռախոսահամարներով կամ viber տարբերակով՝ +374 41 911 006:
Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանն ակտիվ հրետակոծություն է սկսել: Հրետակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը, ինչի հետևանքով Արցախի տարբեր շրջաններում զոհվում են քաղաքացիական անձինք: Շփման գծի ողջ երկայնքով համառ մարտերում երկու կողմն ունեն մարդկային ուժի և սպառազինության կորուստներ. ադրբեջանական կորուստները մի քանի անգամ գերազանցում են հայկական կողմինը: Ադրբեջանի ԶՈՒ-ն թիրախավորել է նաև ՀՀ զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները: Հայտնաբերվել են Թուրքիայի ներգրավվածության, Սիրիայից վարձկանների տեղափոխման և Արցախի դեմ օգտագործման փաստեր:
Արցախում և Հայաստանում Ադրբեջանը սանձազերծած ագրեսիայի, ողջ զինանոցի կիրառման՝ հրետակոծման, ԱԹՍ հարվածների և հրթիռակոծման հետևանքով 21 քաղաքացիական անձ է զոհվել, վիրավորվել 80-ը: