24.06.2022
|
||
---|---|---|
USD | 408.56 -2.26 | |
GBP | 502.73 +1.12 | |
EUR | 430.54 -0.94 | |
GEL | 139.14 -0.83 | |
RUB | 7.67 -0.07 |
Արցախա-ադրբեջանական շփման գծում հակառակորդի սանձազերծած գործողությունների պատճառով ծանր և ծայրահեղ ծանր վիրավորում ստացած զինծառայողները կազմում են ընդհանուր վիրավորների թվի փոքր տոկոսը: Այս մասին մամուլի ասուլիսին ասել է ՀՀ ԱՆ նախարար Արսեն Թորոսյանը:
«Զինծառայողների շրջանում վիրավորների մեծ մասը միջին և թեթև ծանրության են: Մեր խնդիրը բոլոր վիրավոր զինծառայողներին անհրաժեշտ բժշկական օգնություն տրամադրելն է: Ծանր և ծայրահեղ ծանր վիրավորներ ունենք, որոնց թիվը ընդհանուր վիրավորների թվի մեջ ավելի փոքր տոկոսն է կազմում: Նրանք պահանջում են առավել ուշադրություն, և հենց նրանց է ուղղված բժշկական հաստատությունների և անձնակազմի ամենամեծ ուշադրությունը, որպեսզի մեր զինծառայողների կյանքին վտանգ չսպառնա»,- նշել է Թորոսյանը:
Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանն ակտիվ հրետակոծություն է սկսել: Հրետակոծվում և հրթիռակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը և Շուշին, ինչի հետևանքով Արցախի տարբեր շրջաններում զոհվել է քաղաքացիական 19 անձ: Ադրբեջանի ԶՈՒ-ն թիրախավորել է նաև ՀՀ զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, ինչի հետևանքով Վարդենիսի շրջանում սպանվել է 1 քաղաքացիական անձ և այրվել քաղաքացիական ավտոբուս` Ադրբեջանի ԶՈՒ-ին պատկանող ԱԹՍ-ի հարվածից: Հայտնաբերվում են փաստեր՝ պատերազմում Թուրքիայի ներգրավվածության վերաբերյալ: Օրեր առաջ Թուրքիայի F-16 կործանիչը ՀՀ օդային տարածքում խոցել է հայկական ռազմաօդային ուժերի ՍՈւ-25 գրոհիչը, զոհվել է օդաչուն: Հոկտեմբերի 1-ին հակառակորդը հրետանի էր կիրառել Գեղարքունիքի մարզի Շատվան գյուղի ուղղությամբ, ինչպես նաև հարվածային ԱԹՍ-ից հրթիռ արձակել Մեծ Մասրիկ բնակավայրի վրա, դրա հետևանքով զոհվել էր մեկ քաղաքացիական անձ, երկու քաղաքացիական անձ ստացել տարբեր աստիճանի վիրավորումներ։