կարևոր
1254 դիտում, 1 տարի առաջ - 2020-10-06 12:23

Նախարարը՝ Ադրբեջանի հանցագործությունների մասին.կրակի տակ են հումանիտար ենթակառուցվածքային օբյեկտները

Նախարարը՝ Ադրբեջանի հանցագործությունների մասին.կրակի տակ են հումանիտար ենթակառուցվածքային օբյեկտները

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը բարձրաձայնում է Արցախում խաղաղ բնակչության նկատմամբ Ադրբեջանի պատերազմական հանցագործությունների մասին՝ ընդգծելով, որ երբեմն հարվածների տարափի տակ շտապօգնության մեքենաները չեն կարողանում օգնության հասնել այն քաղաքացիներին, որոնք դրա կարիքն ունեն: Հոկտեմբերի 6-ին Գորիսում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

Նրա խոսքով՝ հակառակորդը պարբերաբար հրետակոծում և հրթիռակոծում է Ստեփանակերտը և թիրախները տարբեր են լինում: «Ես ինքս երեկ ուշ երեկոյան եմ վերադարձել Ստեփանակերտից, և առաջին օրվանից ի վեր դա իմ երրորդ այցն էր: Հակառակորդը հարվածում է քաղաքացիական, հատկապես ենթակառուցվածքային օբյեկտներին, ինչը խաթարում է քաղաքացիական բնակչության բնականոն կյանքը: Ամբողջությամբ մոբիլիզացված Արցախի բժշկական համայնքը, ինչպես նաև Հայաստանից նրանց օգնության մեկնած մեր գործընկերները փաստացի երբեմն զրկված են լինում կարիքի մեջ գտնվող մարդկանց օգնություն ցույց տալուց, որովհետև Ստեփանակերտը և մյուս քաղաքները գտնվում են օդային տագնապի և ռմբակոծության տակ: Նույնիսկ շտապօգնության մեքենաները չեն կարողանում օգնության հասնել այն քաղաքացիներին, որոնք դրա կարիքն ունեն»,- նշեց Թորոսյանը:

Նա պատմեց, որ անձամբ ականատես է եղել, թե ինչպես է հակառակորդը հրթիռային հարված հասցնում Ստեփանակերտի հանրապետական հիվանդանոցին շատ մոտ տարածքում: Նախարարի խոսքով, այնքան մոտ է եղել, որ հիվանդանոցը դղրդացել է:

«Մեծ հավանականությամբ կարող էր նաև հարվածել հենց հիվանդանոցին: Մեր՝ բժշկական անձնակազմի մոտ՝ տեսնելով Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության մտադրությունները, այնպիսի տպավորություն է, որ չի բացառվում, որ կարող է լինել ուղիղ հարված նաև բժշկական ենթակառուցվածքին: Սա նույնիսկ կարելի է համարել պատերազմական հանցագործություն խաղաղ բնակչության նկատմամբ»,- ասաց Թորոսյանը:

Ցույց տալով Արցախի մայրաքաղաքից բերված բեկորը, նախարարը նշեց, որ ներկայումս ամբողջ Ստեփանակերտը նման բեկորների մեջ է: Նրա պնդմամբ՝ արգելված զինատեսակներով հարվածում են գրեթե ամեն ինչի ուղղությամբ:

«Նույնիսկ, երբ մեքենայով փորձում ես տեղափոխվել, ականատես ես լինում նման իրավիճակի՝ քանդված բնակելի շենքեր, հողին հավասարված տարբեր ենթակառուցվածքային օբյեկտներ: Չնայած այս ամենին՝ մենք կանգնած ենք մեր հայրենակիցների կողքին: ՀՀ-ի և Արցախի ամբողջ բժշկական հանրությունը, թողած մյուս ոչ այդքան կարևոր գործերը, զբաղվում է վիրավորների բուժմամբ և տարհանմամբ: Մենք մինչև վերջ պայքարելու և հաղթելու ենք»,- ասաց Արսեն Թորոսյանը: