կարևոր
1199 դիտում, 1 տարի առաջ - 2020-10-06 11:31

Արցախում վիրավորվածների ճնշող մեծամասնության մոտ ականապայթյունային վիրավորումներ են. Արսեն Թորոսյան

Արցախում վիրավորվածների ճնշող մեծամասնության մոտ ականապայթյունային վիրավորումներ են. Արսեն Թորոսյան

Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունների հետևանքով Արցախում վիրավորվածների ճնշող մեծամասնության մոտ առկա են ականապայթյունային վիրավորումներ: Այս մասին հոկտեմբերի 6-ին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

«Վիրավորումների ճնշող մեծամասնությունը, գրեթե 100 տոկոսը ականապայթյունային են, ոչ հրազենային, որովհետև փաստացի, սա օդային, հրետանային կամ թռչող սարքերով պատերազմ է: Մեր վիրավորների մարմիններում բազմաթիվ բեկորներ կան և հենց այդ  բեկորները կամ պայթյունի ուղիղ ուժն է, որն առաջացնում է վիրավորումը կամ դժբախտաբար նաև մահը»,- նշեց Թորոսյանը: Վիրավոր զինծառայողների թիվը նշելու վերաբերյալ հարցին նախարար Թորոսյանը հրաժարվեց պատասխանել՝ նշելով, որ անհրաժեշտության դեպքում Պաշտպանության նախարարությունը հայտնում է բոլոր տեղեկությունները:

Նրա խոսքով՝ Արցախի Հանրապետության թե՛ քաղաքացիական և թե՛ ռազմական բժշկական հաստատություններն ապահովված են անհրաժեշտ դեղորայքով, համապատասխան պարագաներով և բժշկական սարքավորումներով: Արյան պաշարներ նույնպես կան:

Նախարարը վստահեցրեց, որ բոլոր նյութերի մատակարարումներն արվում են անխափան, ինչպես նաև բժշկական անձնակազմի տեղափոխումը:

«Կան բժիշկներ, ովքեր հենց իրենք են խնդրում մեզ, որպեսզի գնան և օգնեն Արցախի իրենց գործընկերներին: Երբեմն մենք մերժում ենք, որպեսզի այդ ամենը կանոնակարգված արվի: Կատարվում է նաև օպերատիվ կառավարում, երբ հասկանում ենք, որ այդ պահին անհրաժեշտ է լինում ուժերի կենտրոնացում և մեկ ուրիշ տեղ ավելի հանգիստ է, արագ տեղափոխումները կատարվում են և՛ Արցախի տարածքում, և՛ Հայաստանից Արցախ»,- ասաց Արսեն Թորոսյանը: