Լոս Անջելեսը հպարտ է, որ հայկական ամենամեծ սփյուռքի տունն է, քաղաքի ղեկավարությունը կանգնած է հայ ժողովրդի կողքին: Այս մասին «Թվիթերի» իր էջում գրել է Լոս Անջելեսի քաղաքապետ Էրիկ Գարսետին:
«Լոս Անջելեսը հպարտ է՝ հայկական ամենամեծ սփյուռքի տունը լինելու համար: Մենք կանգնած ենք Հայաստանի ժողովրդի կողքին: Ես կոչ եմ անում Վաշինգտոնի մեր ղեկավարներին՝ իրականացնել կայուն և խիստ դիվանագիտություն, որն անհրաժեշտ է Արցախում խաղաղություն հաստատելու համար»,- նշել է քաղաքապետը:
Նա նաև շեշտել է, որ Թուրքիան պետք է դուրս գա գործողություններից:
Լոս Անջելեսի հայերը բազմահազարանոց ցույցեր են կազմակերպում Արցախի նկատմամբ Ադրբեջանի ռազմական ագրեսիայի դեմ: Հոկտեմբերի 4-ին, օրինակ, CNN-ի դիմաց հայերը մոբիլիզացվել և բողոքի ցույց էին անում, երգում հայրենասիրական երգեր, ծածանում Հայաստանի և Արցախի դրոշները: Նրանք CNN-ի ուշադրությունն էին հրավիրում Ադրբեջանի և Թուրքիայի ագրեսիայի վրա՝ «CNN, որտե՞ղ ես» պաստառով իրենց զարմանքն ու զայրույթն արտահայտելով լրատվամիջոցի լռության առնչությամբ: