կարևոր
1151 դիտում, 1 տարի առաջ - 2020-10-06 02:21

Ավստրալիան չպետք է հապաղի հայերին օգնելու հարցում. իրավաբան Ջեոֆրի Ռոբերտսոն

Ավստրալիան չպետք է հապաղի հայերին օգնելու հարցում. իրավաբան Ջեոֆրի Ռոբերտսոն

Հայտնի իրավաբան Ջեոֆրի Ռոբերտսոնն անդրադարձել է Թուրքիայի աջակցությամբ Ադրբեջանի՝ Արցախի նկատմամբ սանձազերծած ռազմական գործողություններին՝ շեշտելով, որ Ավստրալիան պետք է աջակցի հայերին: Հայտնի իրավաբանը նման տեսակետ է հայտնել The Australian-ում հրապարակված իր հոդվածում:

Ռոբերտսոնը նկատել է, որ, չնայած Ադրբեջանի հերքումներին, ֆրանսիական, ռուսական և բրիտանական ԶԼՄ-ներից ստացված ապացույցները փաստում են, որ վերջին ամսվա ընթացքում թուրքական ընկերությունները Սիրիայից կադրեր են հավաքագրել և վճարել ադրբեջանական ուժերին միանալու համար, ինչը հաստատում է, որ Թուրքիան և Ադրբեջանը նախապես ծրագրել էին իրենց հարձակումը:

Նա շեշտել է, որ ավտորիտար նախագահ Իլհամ Ալիևը տարիներ շարունակ ռասայական և կրոնական ատելություն է սերմանել և իր ժողովրդին Ղարաբաղում երջանիկ հայրենիք խոստացել, երբ հաջողությամբ կներխուժի և կգրավի տարածաշրջանը: Նա նկատել է, որ Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ պատերազմ է սկսել հենց այն ժամանակ, երբ Հայաստանը կորոնավիրուսի համավարակի պատճառով թուլացել է: «Նա ժխտում է, որ ագրեսոր է, բայց դա արժանահավատ չէ. դրանով նա շահելու շատ բան ունի, իսկ Հայաստանը՝ կորցնելու, Հայաստանի համար պատերազմ սկսելու պատճառ չկար: Հայկական կողմը համաձայնել է խաղաղ բանակցությունների վերաբերյալ միջազգային կոչերին, բայց Ալիևը, որը ցանկանում է սպանել, նվաճել, մերժել է: Այս առումով Ադրբեջանը մեղավոր կլինի ՄԱԿ-ի կանոնադրության խախտման մեջ, որն արգելում է ցանկացած «զինված հարձակում ՄԱԿ-ի անդամի դեմ»,- ասել է նա ու շեշտել, որ Անվտանգության խորհուրդը պետք է անհապաղ հակամարտության հարցը փոխանցի Միջազգային քրեական դատարան, որն այժմ լիազորված է հետաքննելու ագրեսիայի հանցագործությունը, որը, կարծես, կատարել է Ալիևը ՝ Թուրքիայի նախագահ Էրդողանի աջակցությամբ:

Նա հիշեցրել է, որ  երբ Ստալինը  Լեռնային Ղարաբաղը դարձրել է Ադրբեջանի ինքնավոր մարզ, բնակչության 94 տոկոսը հայեր են եղել: Խորհրդային Միության փլուզումից հետո 1991-ին Արցախի ժողովուրդը հանրաքվեով հռչակել է իր անկախությունը:

Ռոբերտսոնը նշել է նաև, որ Լեռնային Ղարաբաղի բլուրների միջև ցրված են մի քանի հազար հին քրիստոնեական եկեղեցիներ, որոնք թվագրվում են 10-րդ դարով, իսկ թանգարաններում կան ձեռագրեր և արխիվներ, որոնք վկայում են այդ լեռնաշխարհում հայերի ինտելեկտուալ և կրոնական կյանքի մասին:

Նա նկատել է, որ հայերը մեծ սփյուռք ունեն, որը հզոր է ԱՄՆ-ում և այլուր: «Չնայած ամենահայտնի հայը Քիմ Քարդաշյանն է, Ավստրալիան կարող է պարծենալ Ջո Հոքիով և Գլեդիս Բերեջիկլյանով: Նրանք չեն հանձնի Արցախը և ոչ էլ պետք է հանձնեն: Ավստրալիան չպետք է հապաղի նրանց սատարելու հարցում `ոչ թե հանուն քրիստոնեության, այլ ժողովրդավարության»,- նշել է Ռոբերտսոնը:

Ջեոֆրի Ռոբերտսոնը «Անհանգստացնող ցեղասպանությունո՞վ է հիմա հիշում հայերին» գրքի հեղինակն է: