Եվրախորհրդարանի 48 պատգամավորներ նամակ են հղել ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելին` կոչ անելով նպատակաուղղված գործողություններ ձեռնարկել Արցախի ու Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիան դադարեցնելու համար: Այս մասին հայտնում է Հանուն արդարության և ժողովրդավարության հայերի եվրոպական դաշնության «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջը:
«Հրթիռային և օդային հարվածները Լեռնային Ղարաբաղի բնիկ բնակչության, այդ թվում ՝ մայրաքաղաք Ստեփանակերտի ուղղությամբ, ստիպել են խաղաղ բնակիչներին թաքնվել թաքստոցներում։ Մենք կոչ ենք անում ձեզ՝ բարձր ներկայացուցիչ Բորել, նաև ուժեղ ճնշում գործադրել, որպեսզի կանգնեցնենք Թուրքիայի ցանկացած միջամտություն, որը փաստացի ապակայունացնում է ևս մեկ հարևան տարածաշրջան՝ Հարավային Կովկասը»,- ասված է նամակում:
Նամակը ստորագրած պատգամավորները Ադրբեջանի բանակին կոչ են արել անհապաղ դադարեցնել ագրեսիան Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչության դեմ: Բորելին ուղղված նամակի տակ ստորագրել են պատգամավորներ Կիպրոսից, Ֆրանսիայից, Նիդերլանդներից, Իտալիայից, Հունաստանից, Լիտվայից, Գերմանիայից, Իսպանիայից, Լեհաստանի, Սլովակիայից, Շվեդիայից, Դանիայից, Բելգիայից և Հունգարիայից:
Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանն ակտիվ հրետակոծություն է սկսել: Հրետակոծվել են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը, ինչի հետևանքով Արցախի տարբեր շրջաններում զոհվել են քաղաքացիական անձինք: Ադրբեջանի ԶՈՒ-ն թիրախավորել է նաև ՀՀ զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները: Հոկտեմբերի 3-ի առավոտյան ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը տեղեկացրել է, որ Արցախի սահմանի հյուսիսային և հարավային ուղղություններում ընթանում են համառ և թեժ մարտեր: Հակառակորդը, մեծ ուժեր կենտրոնացնելով այս թևերում, անցել է հարձակման։ Հայկական ստորաբաժանումները կասեցնում են հակառակորդի առաջխաղացումը՝ պատճառելով մեծ կորուստներ:
Առկա են հաստատված տեղեկություններ, որ Ադրբեջանի զինուժի կազմում հայկական կողմի դեմ մարտերի մեջ են նաև Սիրիայից Թուրքիայի միջոցով բերված վարձկաններ: Ֆրանսիայի նախագահ Մակրոնը հաստատել է, որ տիրապետում է լուրջ փաստերի այդ մասին. ջիհադիստները կապեր ունեն «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետ: Վարձկանների ներգրավվածության մասին փաստերի է տիրապետում նաև Ռուսաստանը: Այդ մասին հայտարարել է նաև աղբյուրը ԱՄՆ Պաշտպանության նախարարությունից: