կարևոր
1054 դիտում, 1 տարի առաջ - 2020-10-05 12:01

Վաղ առավոտյան ամեն ինչ սկսեց սաստկանալ. ՀՀ ՊՆ ներկայացուցիչը մարտի դաշտում տիրող իրավիճակի մասին

Վաղ առավոտյան ամեն ինչ սկսեց սաստկանալ. ՀՀ ՊՆ ներկայացուցիչը մարտի դաշտում տիրող իրավիճակի մասին

Արցախի և Ադրբեջանի շփման գծում հայկական զորքերը համառ մարտեր են մղում՝ հետ շպրտելով հակառակորդին:

Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:

«Առավոտյան հակառակորդը լայնածավալ հարձակում է սկսել հարավային ուղղությամբ: Մեր զորքերը համառ մարտեր են մղում՝ հետ շպրտելով հակառակորդին: Նույն ժամանակ, Ադրբեջանի զինված ուժերը սկսել են ինտենսիվորեն հրթիռակոծել Ստեփանակերտ քաղաքը: Այս պահին տուժածների վերաբերյալ ճշգրտումներ են արվում»,- նշեց Հովհաննիսյանը:

Նրա խոսքով, ընդհանուր առմամբ, ռազմաճակատում գիշերը համեմատաբար հանգիստ է եղել. որոշ հատվածներում փոխհրաձգությունները պահպանվել են, սակայն վաղ առավոտյան ամեն ինչ սկսեց սաստկանալ:

Հովհաննիսյանը նաև անդրադարձավ ադրբեջանական կողմից տարածվող այն ապատեղեկատվությանը, թե իբր ՀՀ որոշ շրջաններից հրթիռակոծվում են ադրբեջանական նշանակետերը:

«Դա ապատեղեկատվություն է: Այն տեսանյութը, որը փորձել են ներկայացնել որպես ապացույց, որևէ բան չի հաստատում, թե դա որտեղից է կիրառվում: Պարզ չէ Հայաստանի կողմից է, Արցախի, թե մեկ այլ պատերազմից հատված է: Մի հետաքրքիր և ուշագրավ բան նկատենք՝ շատ հաճախ, ադրբեջանական լրատվամիջոցներում Արցախի որոշ շրջաններ, այս կամ այն կերպ, ուղղակի կամ անուղղակի ճանաչում են որպես Հայաստանի մաս»,- ասաց ՀՀ ՊՆ ներկայացուցիչը:

Խոսելով հակառակորդից գերիներ ունենալու մասին՝ Հովհաննիսյանը նշեց, որ ինքը տեղեկություն չունի, նման հարց չի էլ քննարկվել:

Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանն ակտիվ հրետակոծություն է սկսել: Հրետակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը, ինչի հետևանքով Արցախի տարբեր շրջաններում զոհվում են քաղաքացիական անձինք: Շփման գծի ողջ երկայնքով ընթանում են համառ մարտեր, երկու կողմն ունեն մարդկային ուժի և սպառազինության կորուստներ. ադրբեջանական կորուստները մի քանի անգամ գերազանցում են հայկական կողմինը: Ադրբեջանի ԶՈՒ-ն թիրախավորել է նաև ՀՀ զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները: Հայտնաբերվել են Թուրքիայի ներգրավվածության, Սիրիայից վարձկանների տեղափոխման և Արցախի դեմ օգտագործման  փաստեր: