կարևոր
1812 դիտում, 2 տարի առաջ - 2020-10-05 03:14

Il Fatto Quotidiano-ն հոդված է հրապարակել ԼՂ հակամարտության գոտում Իտալիայի շահերի վերաբերյալ

Il Fatto Quotidiano-ն հոդված է հրապարակել ԼՂ հակամարտության գոտում Իտալիայի շահերի վերաբերյալ

Իտալական Il Fatto Quotidiano պարբերականը հոդված է հրապարակել ԼՂ հակամարտության գոտում Իտալիայի շահերին նվիրված հոդված։

Լեռնային Ղարաբաղ, ադրբեջանական նավթն ու Հայաստանի հետ պատմական հարաբերությունները. Հարավային Կովկասում հակամարտության մեջ իտալական շահերը

Տնտեսությունն ու պատմությունը բախվում են այն պահին, երբ մեր պետությունը պետք է որոշում կայացնի, թե հետխորհրդային երկու երկրներից ում կողմից պետք է լինի: Մի կողմից՝ Բաքվի, որը Հռոմի էներգետիկ ռեսուրսների ամենամեծ մատակարարն է, մյուս կողմից՝ Երևանի, ում հետ ամուր են մեր մշակութային կապերը, իսկ երկրում (Հայաստանում) իտալական ընկերությունների ներկայությունը գնալով աճում է:

Հայաստանի և Ադրբեջանի միջև Լեռնային Ղարաբաղում նոր բախումներն առնչվում են նաև Իտալիայի շահերին: Բաքուն Հռոմի համար նավթի ամենամեծ մատակարարն է՝ առանձնահատկություն, որն աներկբայորեն կազդի Հարավային Կովկասի հակամարտության վերսկսումից հետո Իտալիայի դիրքորոշման վրա: Նժարի վրա տնտեսական շահերն են, որոնք կարող են գերակայել Իտալիայի և Հայաստանի միջև մշակութային և պատմական ավանդական հարաբերությունների նկատմամբ, չնայած որ երկրում (Հայաստանում) իտալական ընկերությունների տեսակարար կշիռը գնալով աճում է:

Տնտեսությունն ու պատմությունը բախվում են այն պահին, երբ մեր երկիրը պետք է ինչ որ ձևով ի ցույց դնի, թե վիճարկվող Լեռնային Ղարաբաղի համար ուժգնացող հակամարտության մեջ ներգրավված հետխորհրդային երկու երկրներից ում կողմից պետք է լինել: Առայժմ տարբեր ժամանակների մեր կառավարությունների արտաքին հարաբերությունների ռազմավարության մեջ Իտալիան հստակ դիրքորոշում չի արտահայտել՝ միանալով Եվրոպայի ձայնին, որ հույս է հայտնում ճգնաժամի քաղաքական և դիվանագիտական լուծման:

Էներգետիկ տեսանկյունից ոչ ինքնաբավ Իտալիայի համար դժվար է քննադատել կիրակի առավոտ միջազգայնորեն չճանաչված Արցախի Հանրապետության խաղաղ բնակչության դեմ Ադրբեջանի ռազմական ագրեսիան: «Իտալիան Ադրբեջանի համար ռազմավարական երկիր է և ունի հակամարտության վերաբերյալ ինստիտուցիոնալ հիշողություն: Մասնավորապես, ունի կենսական շահեր իր տնտեսության համար»,- հաստատում է Իտալիայում Ադրբեջանի դեսպան Մամմադ Ահմադզադան՝ ավելացնելով ռազմավարական մի շատ կարևոր տարր. «Պատահական չէ, որ Հայաստանը սկսել է իր ռազմական գործողությունները հուլիսին հայ-ադրբեջանական սահմանին Թովուզի ուղղությամբ, որտեղ էներգետիկ ենթակառուցվածքներ կան, Միջերկրական գազային միջանցքի գործարկումից մի քանի ամիս առաջ: Երևանը հետապնդում է հստակ նպատակ՝ խոչընդոտել Եվրոպայի, և մասնավորապես՝ Իտալիայի համար այդքան կարևոր էներգետիկ ծրագրերին»:

Չպետք է նաև մոռանալ որոշիչ նշանակություն ունեցող մի փաստ. քաղաքական և աշխարհագրական առումով Լեռնային Ղարաբաղը պատկանում է Ադրբեջանին, բայց հակամարտության առաջին փուլի ավարտից հետո՝ 1994թ-ից, հայերով բնակեցված այդ հողում հիմնվել է Արցախի Հանրապետությունը: Այսպիսով, կիրակի օրվա հարձակումը Բաքվի ձեռագիրն է, որը, ըստ հակառակ կողմի, ռմբակոծում է նաև քաղաքացիական բնակավայրերը:

Կովկասը մնում է տնտեսական մեծ հետաքրքրությունների տարածաշրջան և աշխարհի ամենամեծ հակամարտությունը պետք է ուսումնասիրել՝ փորձելով հարգել տարածաշրջանային մեծ ուժերի սահմանափակումները և ուժերի հարաբերակցությունը. մի կողմից Թուրքիան է, որ Բաքվին լիակատար աջակցություն է ցուցաբերում, չհաշված մեկ դար առաջ Հայոց ցեղասպանության հետ կապված հարցերը, իսկ մյուս կողմից Երևանի հետ մոտ Ռուսաստանն է:

Կասպից և Սև ծովերի արանքում գտնվող տարածքով հոսում է Եվրոպայի էներգետիկ գոյատևման միակ միջոցը՝ նավթը և գազը: TAP-ը Պուլիայի միջոցով Ադրբեջանից գալիս է Իտալիա՝ ընդհուպ մինչև Միջերկրական գազային միջանցք։ Պետք չէ մոռանալ նաև Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղը, որից դուրս է մղվել քրիստոնյա Հայաստանը՝ մի երկիր, որը Բաքվին և Անկարային դուր չի գալիս:

Եթե նկատի առնենք այս հանգամանքները, ապա Իտալիան՝ հանուն երկրի բարեկեցության, կարող է նախագահ Ալիևի հետ լավ հարաբերություններ ունենալ: Բայց ինչպե՞ս մոռանալ Հայաստանի հետ գերազանց կապերը, որոնք ժամանակի ընթացքում անհետանում են: Իտալիայում ադրբեջանական համայնքը մեծաթիվ չէ: Այլ է հայկական համայնքը, որի առկայությունը 1915թ․ Ցեղասպանության հետևանք է: Չենք խոսում նաև հայկական հետքի մասին. «Իտալական շատ քաղաքներ ունեն հայ պահապան սրբեր, ինչպես Սուրբ Գրիգոր Լուսավորիչը, Սուրբ Վլասը, Սուրբ Մինասը և այլն,- նշում է Իտալիայում Հայաստանի դեսպան Ծովինար Համբարձումյանը,- ճանապարհորդելով Իտալիայում հյուսիսից հարավ կարելի է գտնել մեր ժողովուրդների վաղեմի բարեկամության անթիվ վկայություններ: Կբավարարվեմ միայն նշելով, որ հայոց լեզվով առաջին տպագիր գիրքը հրատարակվել է 1512թ.-ին Իտալիայում: Մեր ժողովուրդներին միացնող կապերն այնքան ամուր և խորն են, որ ԽՍՀՄ-ից Հայաստանի անկախությունից հետո առանձնակի ջանք չպահանջվեց միջպետական հարաբերությունների հաստատման համար: Գնահատում ենք Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում Իտալիայի հավասարակշռված կեցվածքը՝ հույս ունենալով, որ այն կմնա ԵԱՀԿ Մինսկի խմբի դիրքորոշումների շրջանակում (ԼՂ հակամարտության համար ԵԱՀԿ կողմից 1992թ. ստեղծված հարթակ)»:

Պատմություն և ոչ միայն: Ինչպես երևում է, Հայաստանի և Իտալիայի միջև հարաբերությունները հիմնվում են նաև տնտեսական շահերի, չնայած ոչ դրանք համեմատելի չեն Ադրբեջանի հետ ունեցած էներգետիկ հարաբերությունների ծավալի հետ: «Ներկայումս Հայաստանում իտալական կապիտալով գործում են ավելի քան 170 ընկերություններ»,- ավելացնում է Իտալիայում Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչության ղեկավարը։ «Մեր երկրում աճում է իտալացի ձեռնարկատերերի հետաքրքրությունը, վերջին շրջանում ներդրումներ են կատարվում թեթև արդյունաբերության, կերամիկայի, էներգետիկայի ոլորտներում: Վերջին երկու տարում ապրանքաշրջանառությունն աճել է մոտ 50%-ով: Ցավոք, կորոնավիրուսի համավարակի պատճառով ընթացիկ տարվա առաջին կիսամյակում երկկողմ ապրանքաշրջանառությունը 21%-ով նվազում է գրանցել»: