կարևոր
1828 դիտում, 2 տարի առաջ - 2020-10-05 01:51

Ադրբեջանական կողմի յուրաքանչյուր սադրանք կստանա համարժեք պատասխան Հայաստանի Հանրապետության կողմից․ ՀՀ ԱԳՆ

Ադրբեջանական կողմի յուրաքանչյուր սադրանք կստանա համարժեք պատասխան Հայաստանի Հանրապետության կողմից․ ՀՀ ԱԳՆ

ՀՀ ԱԳՆ հայտարարությունն Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից տարածվող կեղծ տեղեկատվության վերաբերյալ

«Ադրբեջանի կողմից Թուրքիայի աջակցությամբ և օտարերկրյա ահաբեկիչ զինյալների ներգրավմամբ Արցախի նկատմամբ սանձազերծված ագրեսիան ուղեկցվում է ողջամտության սահմաններն անցնող ապատեղեկատվության և կեղծիքների արշավով:

Անկարող լինելով ռազմաճակատում հասնելու որևէ հաջողության՝ ադրբեջանական կողմը մի կողմից խոսում է երևակայական հաջողությունների մասին, իսկ մյուս կողմից կեղծ լուրեր տարածում առ այն, իբրև թե Հայաստանն ադրբեջանական բնակավայրերի ուղղությամբ հարվածներ է հասցնում:

Այս շարքից է նաև Հայաստանի Հանրապետության տարածքից Ադրբեջանի խորքում գտնվող բնակավայրերին հարված հասցնելու մասին վերջին ժամերին տարածված ապատեղեկատվությունը:

Ապատեղեկատվական արշավի նպատակն է կոծկել Ադրբեջանի կողմից պատերազմի առաջին իսկ օրերից Լեռնային Ղարաբաղի խոշոր բնակավայրերի զանգվածային հրետակոծումը, որի հետևանքով միայն այսօր արձանագրվել են բազմաթիվ զոհեր քաղաքացիական բնակչության շրջանում, և լուրջ վնաս է հասցվել քաղաքացիական կենսապահովման ենթակառուցվածքներին:

Նման ստահոդ լուրերի տարածմամբ Ադրբեջանը նաև հող է նախապատրաստում իր հանցավոր քաղաքականության շարունակման և պատերազմի աշխարհագրության ընդլայնման համար:

Ադրբեջանական կողմի յուրաքանչյուր սադրանք կստանա համարժեք պատասխան Հայաստանի Հանրապետության կողմից»: