ՀՀ Պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը վստահեցնում է՝ Արցախի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ ռազմական գործողություններում հայկական կողմի մարտական ոգին չափազանց բարձր է: Այս մասին Հովհաննիսյանն ասել է հոկտեմբերի 4-ին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում՝ ներկայացնելով մարտի դաշտում հայ սպայի հերոսության նոր օրինակ:
«Մեր զորքի մարտական ոգին չափազանց բարձր է: Մանավանդ`ժամկետային զինծառայողներինը, մանավանդ` երիտասարդ սպաներինը` լեյտենանտներ, ավագ լեյտենանտներ, կապիտաններ, ուղղակի աչքերը փայլում են իրենց ցուցաբերած քաջությունից ու հերոսությունից: Այսօր ծանոթացել եմ մի հրետանավորի հետ, հերոս սպայի հետ, ով կրակը վարել է հակառակորդի ինտենսիվ կրակի տակ, վիրավորված, մինչև վերջին արկը, մինչև չի հասել դիմացի մարտկոցների ոչնչացմանը, մարտի դաշտից դուրս չի եկել»,- ասել է Հովհաննիսյանը:
Արծրուն Հովհաննիսյանը նշել է, որ այսպիսի օրինակները բազմաթիվ են, դրանք ժամանակի ընթացքում կներկայացնեն հանրությանը:
Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանն ակտիվ հրետակոծություն է սկսել: Հրետակոծվել են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը, ինչի հետևանքով Արցախի տարբեր շրջաններում զոհվել են քաղաքացիական անձինք: Ադրբեջանի ԶՈՒ-ն թիրախավորել է նաև ՀՀ զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի արդյունքում Վարդենիսի շրջանում սպանվել է 1 քաղաքացիական անձ և այրվել է քաղաքացիական ավտոբուս` Ադրբեջանի ԶՈՒ-ին պատկանող ԱԹՍ-ի հարվածից: Հայտնաբերվել են փաստեր՝ Թուրքիայի ներգրավվածության վերաբերյալ: Սեպտեմբերի Թուրքիայի F-16 կործանիչը ՀՀ օդային տարածքում խոցել է հայկական ռազմաօդային ուժերի ՍՈւ-25 գրոհիչը, զոհվել է օդաչուն: Հոկտեմբերի 1-ին հակառակորդը հրետանի էր կիրառել Գեղարքունիքի մարզի Շատվան գյուղի ուղղությամբ, ինչպես նաև հարվածային ԱԹՍ-ից հրթիռ էր արձակել Մեծ Մասրիկ բնակավայրի վրա, ինչի հետևանքով զոհվել էր մեկ քաղաքացիական անձ, երկու քաղաքացիական անձ ստացել էր տարբեր աստիճանի վիրավորվում։