Հանրաճանաչ ջութակահար Ալեքսանդր Բրուսիլովսկին սեր է խոստովանել Հայաստանին, հայ ժողովրդին՝ նշելով, որ Հայաստանի համար այս ծանր օրերին ամբողջ սրտով իր հայ ընկերների կողքին է:
Այս մասին երաժիշտը գրել է «Ֆեյսբուքի» իր պաշտոնական էջում:
«Հաճախ լինելով Հայաստանում՝ միշտ շրջապատված եմ եղել բազմաթիվ հայ ընկերներով: Սիրահարված լինելով այդ արևոտ երկրին, նրա հրաշալի, ջերմ ժողովրդին, հնագույն պատմությանը՝ ես միշտ աշխատել եմ հնարավորությունների սահմաններում իմ լուման ներդնել և աջակցել այդ հնագույն երկրի պատմության և մշակույթի ճանաչմանն ու տարածմանը»,-շեշտել է նա:
Այդ նպատակով Բրուսիլովսկին աշխարհին է ներկայացրել արվեստի հայ հրաշալի գործիչներին, ինչպես օրինակ՝ կոմպոզիտոր Գագիկ Հովունցին:
Ջութակահարն ընդգծել է, որ Հայաստանի հնագույն մշակույթի հիմնական խորհրդանիշներից է նուռը. միրգը և ոչ թե զենքը՝ նռնակը:
«Հայաստանի համար այս ծանր օրերին ես ամբողջ սրտով ձեզ հետ եմ, իմ սիրելի հայ ընկերներ»,- եզրափակել է ջութակահարը:
Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանն ակտիվ հրետակոծություն է սկսել: Հրետակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը, ինչի հետևանքով Արցախի տարբեր շրջաններում զոհվում են քաղաքացիական անձինք: Շփման գծի ողջ երկայնքով ընթանում են համառ մարտեր, երկու կողմն ունեն մարդկային ուժի և սպառազինության կորուստներ. ադրբեջանական կորուստները մի քանի անգամ գերազանցում են հայկական կողմինը: Ադրբեջանի ԶՈՒ-ն թիրախավորել է նաև ՀՀ զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները: Հայտնաբերվել են Թուրքիայի ներգրավվածության, Սիրիայից վարձկանների տեղափոխման և Արցախի դեմ օգտագործման փաստեր: