797 դիտում, 1 տարի առաջ - 2020-10-04 15:22

«Քեզ հետ եմ, Հայաստան». հանրահայտ դաշնակահար Եվգենի Կիսինն աջակցություն է հայտնել մեր երկրին

Ռուս ականավոր դաշնակահար Եվգենի Կիսինը, որի կատարումները երաժշտասերները վայելել են նաև Հայաստանում, իր աջակցությունն է հայտնել մեր երկրին:

Դաշնակահարը «Ինստագրամի» էջում գրել է. «Քեզ հետ եմ, Հայաստան»: Նա հրապարակել է տեսանյութ, որում կատարում է Կոմիտասի «Կռունկը»:

Տարիներ առաջ Կիսինը The New York Times պարբերականին տված հարցազրույցում հայտարարել էր, որ հրաժարվում է համերգներ ունենալ Թուրքիայում այնքան ժամանակ, քանի դեռ թուրքական կառավարությունը չի ճանաչել 1915 թվականին հայերի զանգվածային սպանությունները որպես Ցեղասպանություն:

«Ես հավատում եմ, որ երբ մարդիկ նման պետություններում իմանան, որ որոշ երաժիշտներ հրաժարվում են համերգ ունենալ այդտեղ, քանի որ նրանց դուր չի գալիս այն, ինչ անում են այդ երկրների ղեկավարները, դա մտավորականներին ավելի գիտակից կդարձնի»,- ասել էր Կիսինը:

Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանն ակտիվ հրետակոծություն է սկսել: Հրետակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը, ինչի հետևանքով Արցախի տարբեր շրջաններում զոհվում են քաղաքացիական անձինք: Շփման գծի ողջ երկայնքով ընթանում են համառ մարտեր, երկու կողմն ունեն մարդկային ուժի և սպառազինության կորուստներ. ադրբեջանական կորուստները մի քանի անգամ գերազանցում են հայկական կողմինը: Ադրբեջանի ԶՈՒ-ն թիրախավորել է նաև ՀՀ զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները: Հայտնաբերվել են Թուրքիայի ներգրավվածության, Սիրիայից վարձկանների տեղափոխման և Արցախի դեմ օգտագործման  փաստեր: