կարևոր
2006 դիտում, 1 տարի առաջ - 2020-10-04 01:27

Jerusalem Post-ը գրել է Արցախի դեմ Ադրբեջանի կողմից իսրայելական LORA տեսակի հրթիռ կիրառելու մասին

Jerusalem Post-ը գրել է Արցախի դեմ Ադրբեջանի կողմից իսրայելական LORA տեսակի հրթիռ կիրառելու մասին

Իսրայելական Jerusalem Post լրատվամիջոցը հրապարակել է հայկական կողմի ներկայացրած տեսանյութը, որտեղ երևում է, թե ինչպես են Ադրբեջանի զինված ուժերը LORA տեսակի բալիստիկ հրթիռ կիրառում` Արցախի դեմ սանձազերծած լայնածավալ ռազմական ագրեսիայի ընթացքում: Լրատվամիջոցը նշում է, որ Ադրբեջանը առաջին և միակ հաստատված պետությունն է, որին Իսրայելն այդ հրթիռներից է մատակարարել:

«Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում նկարահանված տեսանյութում երևում է, թե ինչպես են ադրբեջանական զորքերն օգտագործում իսրայելական LORA տեսակի հրթիռը»,- հայտնում է լրատվամիջոցը:

Jerusalem Postը հայտնել է, որ Ադրբեջանն առաջին և միակ հաստատված պետությունն է, որին Իսրայելը մատակարարել է LORA տեսակի հրթիռներ` 2018 թվականին զենքի գործարքի շրջանակներում:

Հոկտեմբերի 2-ին ՀՀ Պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը հայտնեց, որ, հավանաբար, կիրառվել են նաև LORA տեսակի բալիստիկ հրթիռներ:

Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանն ակտիվ հրետակոծություն է սկսել: Հրետակոծվել են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը, ինչի հետևանքով Արցախի տարբեր շրջաններում զոհվել են քաղաքացիական անձինք: Ադրբեջանի ԶՈՒ-ն թիրախավորել է նաև ՀՀ զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի արդյունքում Վարդենիսի շրջանում սպանվել է 1 քաղաքացիական անձ և այրվել է քաղաքացիական ավտոբուս` Ադրբեջանի ԶՈՒ-ին պատկանող ԱԹՍ-ի հարվածից: Հայտնաբերվել են փաստեր՝ Թուրքիայի ներգրավվածության վերաբերյալ: Սեպտեմբերի Թուրքիայի F-16 կործանիչը ՀՀ օդային տարածքում խոցել է հայկական ռազմաօդային ուժերի ՍՈւ-25 գրոհիչը, զոհվել է օդաչուն: Հոկտեմբերի 1-ին հակառակորդը հրետանի էր կիրառել Գեղարքունիքի մարզի Շատվան գյուղի ուղղությամբ, ինչպես նաև հարվածային ԱԹՍ-ից հրթիռ էր արձակել Մեծ Մասրիկ բնակավայրի վրա, ինչի հետևանքով զոհվել էր մեկ քաղաքացիական անձ, երկու քաղաքացիական անձ ստացել էր տարբեր աստիճանի վիրավորվում։