կարևոր
1815 դիտում, 2 տարի առաջ - 2020-10-03 20:46

Այսօր բազմաթիվ Սաֆարովներ են հարձակվում իրենց տներում քնած խաղաղ մարդկանց վրա. Փաշինյան

Այսօր բազմաթիվ Սաֆարովներ են հարձակվում իրենց տներում քնած խաղաղ մարդկանց վրա. Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Արցախի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած լայնածալ ռազմական գործողությունների համատեքստում հիշեցրել է հայ սպա Գուրգեն Մարգարյանի կացնահարումը` ադրբեջանցի Ռամիլ Սաֆարովի կողմից: Այս մասին Փաշինյանը խոսել է  «Ալ Ջազիրա»-ին տված հարցազրույցում:

«ՄԻԵԴ-ն ունի կոնկրետ հանցագործությունների վերաբերյալ որոշումներ` Ադրբեջանի դեմ: Եկեք դիտարկենք Ռամիլ Սաֆարովի հետ կապված դեպքը, որը հայ սպայի հետ միասին մասնակցում էր ՆԱՏՕ-ի դասընթացներին: Հայ սպան Սաֆարովի կողմից սպանվեց կացնով` քնած ժամանակ: Ադրբեջանը երկար տարիներ իրականացնում է հակահայկական քարոզչություն և այդ դեպքը դրա հետևանքներից մեկն է: Այն տեղի է ունեցել Հունգարիայիում: Բուդապեշտի դատարանը Սաֆարովին դատապարտել է ցմահ ազատազրկման: Բանտում 8 տարի անցկացնելուց հետո Սաֆարովն արտահանձնվել է Ադրբեջանին, որտեղ Ալիևը նրան ազատ արձակելու որոշում ընդունեց և համազգային փառաբանության գործընթաց սկսեց: Այս մեկ դրվագը նկարագրում է Ղարաբաղյան հակամարտության պատմությունը: Այսօրվա իրադարձությունների կոնտեքստը կարող է բացատրվել սրանով: Այսօր բազմաթիվ Ռամիլ Սաֆարովներ են հարձակվում իրենց տներում քնած խաղաղ մարդկանց վրա»,- նշել է Փաշինյանը:

2004 թվականին Գուրգեն Մարգարյանը Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում էր` մասնակցելու ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ուսումնական ծրագրին: Դատական գործընթացի ժամանակ Սաֆարովը նշել էր, որ հանցագործությունը կատարել է՝ դրդված Հայաստանի և հայերի նկատմամբ ատելությամբ: Բուդապեշտի դատարանը նրան դատապարտել էր ցմահ ազատազրկման: Այդուհանդերձ, 2012 թվականին Սաֆարովն արտահանձնվել էր Ադրբեջանին, որտեղ էլ նրան ներում էր շնորհվել:

Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանն ակտիվ հրետակոծություն է սկսել: Հրետակոծվել են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը, ինչի հետևանքով Արցախի տարբեր շրջաններում զոհվել են քաղաքացիական անձինք: Ադրբեջանի ԶՈՒ-ն թիրախավորել է նաև ՀՀ զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները: Հոկտեմբերի 3-ի առավոտյան ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը տեղեկացրել է, որ Արցախի սահմանի հյուսիսային և հարավային ուղղություններում ընթանում են համառ և թեժ մարտեր: Հակառակորդը, մեծ ուժեր կենտրոնացնելով այս թևերում, անցել է հարձակման։ Հայկական ստորաբաժանումները կասեցնում են հակառակորդի առաջխաղացումը՝ պատճառելով մեծ կորուստներ: