25.05.2022
|
||
---|---|---|
USD | 450.71 -1.99 | |
GBP | 562.98 -3.35 | |
EUR | 480.77 -3.94 | |
GEL | 158.28 +0.27 | |
RUB | 8.04 +0.02 |
Արցախի նկատմամբ լայնածավալ ռազմական գործողություններ սկսած Ադրբեջանը, նրան ռազմական աջակցություն ցուցաբերող Թուրքիան և իրենց կողմից կռվող ահաբեկիչները վտանգ են ներկայացնում ոչ միայն հայ ժողովրդի, այլև տարածաշրջանի այլ ժողովուրդների համար: Այս մասին հոկտեմբերի 3-ին կայացած մամուլի ասուլիսի ընթացքում ասաց Արցախի Արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը:
«Ադրբեջան, Թուրքիա և ահաբեկիչներ եռյակ դաշինքը վտանգ է ներկայացնում ոչ միայն հայ ժողովրդի, այլև տարածաշրջանի այլ ժողովուրդների համար: Մեր բանակը հերոսաբար կռիվ է տալիս, կանգնեցնում է Ադրբեջանի, Թուրքիայի ու ահաբեկիչների գրոհները: Ադրբեջանը հիմա մարիոնետի դերում է Թուրքիայի ձեռքում»,- ասաց Մայիլյանը:
Անդրադառնալով Ռուսաստանի Դաշնության կողմից հրադադարի հասնելու ջանքերին, Մայիլյանը նշեց, որ ՌԴ-ն հիմնական աշխատանքները պետք է տանի Թուրքիայի հետ, ինչն ավելի է բարդացնում խնդիրը:
«Ռուսաստանը ջանքեր է թափում այդ ուղղությամբ: ՌԴ ԱԳՆ-ն մշտական կապի մեջ է ՀՀ ԱԳՆ-ի հետ, երեք անգամ հեռախոսազրույց է եղել Փաշինյանի ու Պուտինի միջև, կա եռանախագահ երկրների հայտարարությունը նախագահների մակարդակով, որտեղ կա նաև Պուտինի ստորագրությունը: Այս պատերազմում մենք ունենք նոր գործոն` Թուրքիայի գործոնը, եթե Ռուսաստանն ավելի հեշտ կարող է համոզել Ադրբեջանին, որ համաձայնեն գնալ խաղաղ ճանապարհով, հիմա ավելի դժվար է համոզել Էրդողանին: Ավելի խոշոր խաղացող է հայտնվել Հարավային Կովկասում, բայց մենք անպայման կարողանալու ենք զսպել Ադրբեջանին և Թուրքիային»,- նշեց Մասիս Մայիլյանը:
Արցախի ԱԳ նախարարը նկատեց, որ հրադադարի հաստատման և բանակցությունների համար առնվազն պետք է վերականգնվի առաջնագիծը, իսկ Ադրբեջանը որևէ տարածք չպետք է ձեռք բերի այս պատերազմի ընթացքում:
«Մենք առնվազն պետք է վերականգնենք առաջնագիծը, պետք է վերականգնվի 1994թ. այն գիծը, որը հաստատվել էր կողմերի միջև: Այդ գիծը խախտվել է 2016թ., այդ գծի խախտման պատճառով է, որ Ադրբեջանն իրեն թույլ տվեց 4 տարի անց նոր պատերազմ սկսել: Որևէ տարածք Ադրբեջանը չպետք է ձեռք բերի այս պատերազմի ընթացքում»,- ասաց Մայիլյանը:
Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանն ակտիվ հրետակոծություն է սկսել: Հրետակոծվել են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը, ինչի հետևանքով Արցախի տարբեր շրջաններում զոհվել են քաղաքացիական անձինք: Ադրբեջանի ԶՈՒ-ն թիրախավորել է նաև ՀՀ զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները: Հոկտեմբերի 3-ի առավոտյան ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը տեղեկացրել է, որ Արցախի սահմանի հյուսիսային և հարավային ուղղություններում ընթանում են համառ և թեժ մարտեր: Հակառակորդը, մեծ ուժեր կենտրոնացնելով այս թևերում, անցել է հարձակման։ Հայկական ստորաբաժանումները կասեցնում են հակառակորդի առաջխաղացումը՝ պատճառելով մեծ կորուստներ: