կարևոր
1392 դիտում, 1 տարի առաջ - 2020-10-03 18:39

Ադրբեջանի բռնապետական իշխանությունները հակված չեն գնալ փոխզիջումների. Փաշինյան

Ադրբեջանի բռնապետական իշխանությունները հակված չեն գնալ փոխզիջումների. Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն «Ալ Ջազիրա»-ին տված հարցազրույցում կրկնել է իր այն բանաձևը, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության ցանկացած լուծում պետք է ընդունելի լինի և' Հայաստանի ժողովրդի համար, և' Լեռնային Ղարաբաղի ժողովրդի համար, և' Ադրբեջանի ժողովրդի համար: Փաշինյանը նաև նշել է, որ Ադրբեջանի բռնապետական իշխանությունը հակված չէ գնալ փոխզիջումների:

«Ստանձնելով ՀՀ վարչապետի պաշտոնը, ես բանաձև եմ դրել իմ քաղաքականության հիմքում` Ղարաբաղի հարցի կարգավորման հարցում: Ասել եմ, որ Ղարաբաղի հարցի որևէ լուծում պետք է ընդունելի լինի և' Հայաստանի ժողովրդի համար, և' Լեռնային Ղարաբաղի ժողովրդի համար, և' Ադրբեջանի ժողովրդի համար: Ես առաջարկել եմ այս բանաձևը, որպես հիմք` հակամարտության լուծման համար: Ցավոք, Ադրբեջանը սկսած 2000-ական թվականների կեսերից զարգացնում է հարցի կարգավորման ռազմական ճանապարհի փիլիսոփայությունն ու քաղաքականությունը և որևէ կերպ հրաժարվում է փոխզիջումներից: Բռնապետական իշխանությունը, որը հաստատված է Ադրբեջանում, հակված չէ գնալ փոխզիջումների, միայն ժողովրդավարական, ընտրված իշխանություններն են, որ կարող են փոխզիջումային տարբերակներ առաջարկել, ինչպիսին, որ իմ նշած բանաձևն է»,- ասել է Փաշինյանը:

Վարչապետը նշել է, որ փոխարենը Ադրբեջանի նախագահ Ալիևն ասել է, որ Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորումը կարող է լինել միայն Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում, ինչը նշանակում է, որ Ղարաբաղի հիմնախնդիրը կվերադառնա 1988թ․ ստաուս քվոյին՝ խորհրդային միության ժամանակաշրջան, որտեղից այս ամենը սկսվել է։

«Հնարավոր չէ լուծել հակամարտությունը` վերադառնալով այնտեղ, որտեղ այն սկսվել է»,- նշել է վարչապետը:

Պատասխանելով այն հարցին, թե արդյոք հնարավոր չէր որևէ կերպ կանխել բռնության բռնկումն ու մարդկային կյանքերի կորուստը, Փաշինյանը նշել է, որ դրա համար կար մեկ հնարավորություն` տրվել Ադրբեջանի շանտաժին ու սպառնալիքներին, ինչը չէր կարող ընդունելի լինել Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի համար։

«Տամ մեկ օրինակ, վերադառնալով  համաշխարհային պատմության հայտնի դրվագներին, օրինակ, ինչ կարող էր անել ԱՄՆ կառավարությունը 9/11-ի ահաբեկչությունից խուսափելու համար։ Սա կարող է չափազանցություն թվալ, բայց երկու ամիս առաջ Ադրբեջանի պաշտպանության նախարարության ներկայացուցիչը սպառնաց հարվածել Հայաստանի ատոմային էլեկտրակայանին։ Ի՞նչ պետք է արվի, որպիսի կանխվի նման սպառնալիքների հնչեցումը»,- ասել է Փաշինյանը:

Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է նաև այն դիտարկմանը, թե թավշյա հեղափոխությունից հետո Ադրբեջանում մեծ հույսեր կային, որ իր իշխանության գալը կլինի քայլ դեպի խաղաղություն։

«Մենք հույս ունեինք, որ ժողովրդավարացման ալիքը կհասնի Ադրբեջան։ Այդ հույսերն իրականություն չդարձան, որովհետև Ադրբեջանի նախագահը շարունակաբար օգտագործում է Ղարաբաղի խնդիրը իր դիկտատորական կառավարումն արդարացնելու համար։ Երբ Հայաստանում թավշյա հեղափոխություն տեղի ունեցավ, Ադրբեջանում հասարակությունում ավելի մեծ հույսեր արթնացան, որ նման հեղափոխություն կարող է տեղի ունենալ նաև Ադրբեջանում։ Բայց այդ հեղափոխությունը կանխելու ու դիկտատորական կառավարում իրականացնելու համար Ադրբեջանը ակտիվացրեց ռազմական հռետորաբանությունը, ինչը և բերեց այս իրավիճակին»,- նշել է վարչապետը:

Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանն ակտիվ հրետակոծություն է սկսել: Հրետակոծվել են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը, ինչի հետևանքով Արցախի տարբեր շրջաններում զոհվել են քաղաքացիական անձինք: Ադրբեջանի ԶՈՒ-ն թիրախավորել է նաև ՀՀ զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները: Հոկտեմբերի 3-ի առավոտյան ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը տեղեկացրել է, որ Արցախի սահմանի հյուսիսային և հարավային ուղղություններում ընթանում են համառ և թեժ մարտեր: Հակառակորդը, մեծ ուժեր կենտրոնացնելով այս թևերում, անցել է հարձակման։ Հայկական ստորաբաժանումները կասեցնում են հակառակորդի առաջխաղացումը՝ պատճառելով մեծ կորուստներ: