Արցախի պաշտպանության բանակը իրականացրել է ակտիվ հակահարձակողական գործողություններ եւ հասել էական հաջողությունների` ջախջախելով թշնամական մի քանի հատուկ նշանակության ստորաբաժանում: Այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ժողովրդին ուղղված ուղերձում:
«Հաղթանակը, միայն ու միայն հաղթանակը, բացառապես հաղթանակն է այն ավարտը, որը մենք պատկերացնում ենք այս պայքարի վերջում: Այսօր արդեն Արցախի պաշտպանության բանակը իրականացրել է ակտիվ հակահարձակողական գործողություններ եւ հասել էական հաջողությունների` ջախջախելով թշնամական մի քանի հատուկ նշանակության ստորաբաժանում»,- ընդգծեց ՀՀ վարչապետը:
Նիկոլ Փաշինյանը հավելեց՝ մեր թշնամին որքան էլ վարձկան հրոսակների առատ հոսք ունենա, չի կարող մրցակցել ապրելու եւ հաղթելու հայկական կամքի հետ. «Մենք համատեղ ջանքերով պիտի կոտրենք հարձակվող ոսոխի ողնաշարը, որ նա այլեւս երբեք, այլեւս երբեք իր ոճրագործ ձեռքերը չպարզի մեր ուղղությամբ, իր արյունոտ հայացքը չուղղի մեր հայրենիքին»,- նշեց նա:
Վարչապետի խոսքով՝ սա մի նոր Սարդարապատ է եւ մեզնից յուրաքանչյուրը պարտավոր է ինքը իրեն նվիրել մեկ նպատակի, եւ այդ նպատակի անունն է հաղթանակ:
«Եւ մեզնից յուրաքանչյուրը ամեն վայրկյան պիտի պատրաստ լինի գտնվել այդ հաղթանակի առաջնագծում: Ու մենք կհաղթենք, ու չկասկածեք՝ մենք անպայման կհաղթենք»,- ընդգծեց ՀՀ վարչապետը: