կարևոր
1966 դիտում, 2 տարի առաջ - 2020-10-03 17:48

Թուրքական բանակի 150 բարձրաստիճան զինվորականներ Ադրբեջանի զինված ուժերի հրամանատարական կետերում են

Թուրքական բանակի 150 բարձրաստիճան զինվորականներ Ադրբեջանի զինված ուժերի հրամանատարական կետերում են

Մեր զինվորականների վկայությամբ, բացի ադրբեջանական բանակի ստորաբաժանումներից, գրոհներին ներգրավված են սիրիացի վարձկաններ ու ահաբեկիչներ, թուրքական բանակի հատուկջոկատայիններ: Մեր տեղեկություններով թուրքական բանակի շուրջ 150 բարձրաստիճան զինվորականներ գտնվում են Ադրբեջանի զինված ուժերի տարբեր օղակների հրամանատարական կետերում եւ ղեկավարում են ռազմական գործողությունները: Այս նկարագրությունն ինքնին պիտի վկայի, թե ինչպիսի ծանր մարտեր են տեղի ունենում առաջնագծում։ Այս մասին Նիկոլ Փաշինյանն ընդգծել է հոկտեմբերի 3-ին հայ ժողովրդին հղված իր ուղերձում:

«Արդեն մեկ շաբաթ՝ Արցախի պաշտպանության բանակը, կամավորական ջոկատները կենաց եւ մահու կռիվ են տալիս Արցախի սրբազան հողի վրա: Այս պահի դրությամբ արդեն ունենք բազմաթիվ մարդկային կորուստներ՝ զինվորական և քաղաքացիական, շարքից դուրս է եկել մեծ թվով զինտեխնիկա, բայց հակառակորդը այդպես էլ ի վիճակի չի եղել լուծել որեւէ ռազմավարական խնդիր:

Աներեւակայելի է այն տոկունությունը, որով մեր զինվորները, սպաները, գեներալներն ու ազատամարտիկները կանգնած են հրոսակային այս հարձակմանը հանդիման: Մեր զինվորներն ու կամավորները չեն խնայում ոչինչ եւ հերոսության աներեւակայելի օրինակներ են ցույց տալիս: Այսօր մարտի դաշտում հակառակորդի հարյուրավոր ոչնչացված զրահատեխնիկա կա, տասնյակ օդանավեր եւ ուղղաթիռներ, հարյուրավոր անօդաչու թռչող սարքեր, մարդուժի կորուստները հակառակորդի անցնում են մի քանի հազարը: Այս պահի դրությամբ էլ թեժ մարտերը շարունակվում են առաջնագծի տարբեր հատվածներում, որոշ տեղերում Պաշտպանության բանակի զորքերը գտնվում են բավականին ծանր դրության մեջ, որոշ տեղերում վստահորեն տիրապետում են իրավիճակին»,-ընդգծեց ՀՀ վարչապետը: