կարևոր
2469 դիտում, 2 տարի առաջ - 2020-10-03 15:44

Իրանցի պատգամավորները կոչ են անում դադարեցնել կրակն ու թույլ չտալ երրորդ երկրների միջամտությունը

Իրանցի պատգամավորները կոչ են անում դադարեցնել կրակն ու թույլ չտալ երրորդ երկրների միջամտությունը

Իրանի խորհրդարանի պատգամավորները կոչ են անում դադարեցնել կրակը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում և խնդիրը լուծել խաղաղ բանակցությունների ճանապարհով: Պատգամավորների հայտարարությունները փոխանցում է ԻՍՆԱ գործակալությունը:

Ազգային շահերի և միջազգային դիվանագիտության հանձնաժողովի ղեկավար Հոսեյն Նոուշաբադին, անդրադառնալով Արցախում ընթացող մարտերին, ընդգծել է, որ Իրանի դիրքորոշումն այն է, որ ԼՂ հակամարտությունը չունի ռազմական լուծում, և այն պետք է կարգավորվի բանակցությունների միջոցով:

«Հայաստանը և Ադրբեջանը չպետք է թույլ տան հակամարտությունում օտարների միջամտությունը և հարթակ ստեղծեն անօրինական ուժերի ներկայության համար։ Այս հարցը պահանջում է երկու երկրների զգոնությունը, որպեսզի հակասությունները կարգավորվեն և հիմք չստեղծվի, որ այլ երկրները պղտոր ջրում ձուկ որսան և իրենց շահերը հետապնդեն։ Որոշ երկրներ, որ Արևմտյան Ասիայում ներկայություն էլ չունեն, փորձում են այս հակամարտությունը իրենց շահերին ծառայեցնել, չպետք է թույլ տալ, որ նրանք տարածաշրջան մուտք գործեն։ Մյուս կողմից որոշ ուժեր էլ ցանկանում են այս ճգնաժամի միջոցով և էթնիկ գործոնի շահարկմամբ` իրենց շահերն ապահովել: Սա ևս չպետք է թույլ տալ»,- ասել է Նոուշաբադին:

Ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի անդամ Էբրահիմ Ազիզին ևս ընդգծել է, որ հակամարտության կարգավորման լավագույն ուղին բանակցային սեղանին վերադառնալն է։

«Մենք հավատացած ենք, որ երկու երկրների շահերը հաշվի չառնող երկրները և օտարները շահագրգռված են բախումների շարունակմամբ։ Երկու երկրները պետք է մերժեն իրենց աշխարհագրական սահմաններից դուրս ցանկացած գործողություն և ազդեցություն»,- նշել է նա:

Իրանի խորհրդարանում Քերմանի ներկայացուցիչ Մոհամմադ Մեհդի Զահեդին էլ «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրել է, որ տարածաշրջանում անկայունությունը որևէ մեկի օգտին չէ:

«Հայաստանի և Ադրբեջանի հետ Իրանն ունի մշակութային, քաղաքակրթական, կրոնական ընդհանրություններ։ Երկրի դիվանագիտական ապարատը պետք է ակտիվ լինի և միջնորդություն իրականացնի։ Անկայունությունը տարածաշրջանում որևէ երկրի օգտին չէ»,- ասել է Մոհամմադ Մեհդի Զահեդին:

Սեպտեմբերի 27-ին Իրանը կողմերին կոչ է արել անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղում և սկսել բանակցային գործընթացը: