կարևոր
1718 դիտում, 2 տարի առաջ - 2020-10-02 23:13

Արցախում անջատումներ չեն լինի կոմունալ վճարումները ժամանակավոր չկատարելու դեպքում

 Արցախում անջատումներ չեն լինի կոմունալ վճարումները ժամանակավոր չկատարելու դեպքում

Արցախի Հանրապետությունում կոմունալ ծառայությունների ոլորտում անջատումներ չեն լինի քաղաքացիների կողմից վճարումները ժամանակավոր չկատարելու դեպքում: Այս մասին հոկտեմբերի 2-ին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ասաց Արցախի Հանրապետության պետական նախարար, Օպերատիվ շտաբի պետ Գրիգորի Մարտիրոսյանը:

«Որևէ անջատում չի լինելու կոմունալ վճարումները ժամանակավոր չվճարելու դեպքում: Այս առումով կոմունալ ծառայություններ մատուցող ընկերությունները տեղեկացված են»,- ասաց Մարտիրոսյանը:

Պետնախարարը նշեց, որ Արցախի կառավարության կողմից ամեն ինչ արվում է, որպեսզի ապահովվի քաղաքացիների բնականոն կյանքը:

«Ամսվա հենց առաջին օրվանից սկսած վճարվել են բոլոր աշխատավարձերը, որոնք նախատեսված էին պետական բյուջեով, առանց որևէ խնդիրների: Թոշակներն ու նպաստները նույնպես կվճարվեն սահմանված ժամկետներում: Այդ առումով մենք որևէ խնդիր չենք ունենա»,- նշեց Գրիգորի Մարտիրոսյանը:

Մարտիրոսյանը հավելեց, որ նույնիսկ պատերազմական վիճակում նախորդ 9 ամսվա արդյունքներով` Արցախի հարկատուները վճարել են 200 մլն դրամով ավելի հարկեր: